ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը |armenpress.am|
18:32 - 07 նոյեմբերի, 2021

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել  է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Դատապարտող հայտարարությունը ԱԳՆ-ն տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։

Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցած գիշեր Բաղդադում մահափորձ է կատարվել կառավարության ղեկավարի դեմ՝ ականակիր անօդաչուների օգնությամբ: Ալ  Քազիմին չի տուժել, հարձակման հետեւանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ: Նստավայրին նյութական լուրջ վնաս է հասցվել. շենքում կոտրվել են պատուհանները, դուրս են եկել դռները, վնասվել են կառուցատարրերը: Դրանից հետո «կանաչ գոտի» բոլոր մուտքերին զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակման մեջ ներգրավված է եղել երեք անօդաչու սարք, որոնցից երկուսը խոցվել են, երրորդը հայտնվել է նստավայրում: Բացի այդ, հարձակմանը նախորդել է ինտենսիվ փոխհրաձգությունը մայրաքաղաքի կենտրոնում։  Սկզբում հաղորդվում էր, որ վարչապետը վիրավորվել է, սակայն ավելի ուշ նա Twitter-ում գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել