«Այսօր դատական իշխանությունը գտնվում է խայտառակ վիճակում օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներով»։ Այս մասին այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ նրա՝ օբյեկտիվ պատճառը այն է, որ դատավորները ծանրաբեռնված են։
«Ֆիզիկապես դատավորը չի կարող դատ իրականացնել, արդարադատություն իրականացնել, քանի որ սխալվելու հավանականությունը բավական մեծանում է։Իսկ սյուբեկտիվը այն է, որ երկրի ղեկավարը հայտարարեց, թե մոռացեք, որ կգաք իմ դուռը կծեծեք, իսկ ես հրահանգներ կտամ։ էստեղ ուրիշ խայտառակություն կա․ դատավորների մի տեսակ կա, որ սովոր է ուղղորդված աշխատելուն և լավ էլ ուղղորդվում է։
Թե ո՞ւմ կողմից է ուղղորդվում, ո՞ր պետական լիազոր մարմինների կողմից է ուղղորդվում, ես չեմ թվարկի։ Որոշակի դեպքերի մասին էլ հանրությունը տեղեկացվեց, մամուլը իրազեկեց դրանց մասին»,- ասաց փաստաբանը։
Նա խոսեց նաև մեկ այլ խնդրի մասին, երբ դատավորները ցանկանում են արդար դատ իրականացնել, սակայն չեն կարողանում։
«Կան դատավորներ, որ ուզում են իրականացնել արդարադատություն, բայց դա իրականացնելուց հետո ընկնում է թիրախի տակ։ Անուններ չեմ տա։ Հիմա ղեկավարությունը ոչ թե պետք է կրավորական դիրք ընդունի, ասի՝ չեմ միջամտելու, այլ պետք է ուղղակի տոտալ վերահսկողություն կատարի։
Այն «ծիծեռնակ դատավորները», որ ուզում են արդարադատռություն իրականացնել, բարձրագույն իշխանությունը, կառավարությունը ուղղակի պոզիտիվ պարտավորություն ունի կանգնելու նրանց կողքը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։
comment.count (0)