Ադրբեջանական հարթակները հայերենով հաղորդագրություն են ուղարկում գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին
20:08 - 08 դեկտեմբերի, 2021

Ադրբեջանական հարթակները հայերենով հաղորդագրություն են ուղարկում գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին

Ադրբեջանական քարոզչական հարթակներից գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին ուղղված հաղորդագրությունները նպատակ ունեն  Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնել: Այս մասին ասվում է Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Կենտրոնից մասնավորապես նշել են. «Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար։

Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր։ Ակներև է, որ այժմ, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից և հանդես գալով իբրև թե մարդասիրական նախաձեռնությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք փորձ է արվելու օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել