Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել |1lurer.am|
14:05 - 18 դեկտեմբերի, 2021

Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրեր ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ամերիկյան կողմին են փոխանցվել «ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» և «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծերը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Փաստաթղթերի նախագծերը հասանելի են ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Դրանցում հիշատակումներ կան նաև նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի հանրապետությունների վերաբերյալ:

«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի» նախագծում նշվում է, որ կողմերը չպետք է օգտագործեն այլ պետությունների տարածքը մյուս կողմի դեմ զինված հարձակում նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ը պարտավորվում է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը արևելյան ուղղությամբ, ինչպես նաև հետխորհրդային երկրների անդամակցությունը կառույցին, ռազմական բազաներ չի տեղակայելու նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքում (որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն), չի օգտագործելու նրանց ենթակառուցվածքները ցանկացած ռազմական գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև նրանց հետ չի զարգացնելու երկկողմ ռազմական համագործակցությունը:

«Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների և Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի» նախագծում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է պարտավորվեն բացառել կառույցի հետագա ընդլայնումը, այդ թվում՝ Ուկրաինայի, ինչպես նաև այլ պետությունների հաշվին։ Ըստ համաձայնագրի նախագծի՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է հրաժարվեն Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի այլ պետությունների տարածքում ցանկացած ռազմական գործունեություն ծավալելուց:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին մեկնաբանել է ռուսական կողմի առաջարկը՝ նշելով, որ ԱՄՆ-ը ծանոթացել է առաջարկներին, սակայն չի պատրաստվում խորհրդակցել Եվրոպայում անվտանգության հարցի շուրջ՝ առանց եվրոպացի գործընկերների:

«Մենք սպառնալիքի տակ չենք դնի այն առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը, այդ թվում`այն սկզբունքը, որի համաձայն՝ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը՝ առանց արտաքին միջամտության»,- հավելել է Սպիտակ տան խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել