Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում
19:13 - 22 դեկտեմբերի, 2021

Լոռու մարզի Գարգառ գյուղի դպրոցը կվերանորոգվի․ Ճապոնիայի կառավարությունը շուրջ 97 հազար դոլար աջակցություն է տրամադրում

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Լոռու մարզի Գարգառ գյուղի հանրակրթական դպրոցի և խմելու ջրի համակարգի վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ: Ճապոնիայի կառավարությունը 96.957 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն է տրամադրում։

Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնույան հետ կապերի եւ եւ տեղեկատվության վարչությունը։ Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս կարևոր նախագծի շարունակական իրականացման համար: Փոխնախարարը կարևորել է համատեղ գործակցությունը՝ միտված կրթության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և որակյալ կրթական համակարգի կառուցմանը:

«Այս ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին, համաձայն որոնց՝ նախատեսվում է էապես բարելավել հանրակրթական համակարգի ենթակառուցվածքներն ու պայմանները, ինչը կնպաստի նաև կրթական համակարգի որակի բարելավմանը: Ապագայում կայցելենք Գարգառի դպրոց և հնարավորություն կունենանք՝ տեղում տեսնելու, թե ինչ բարերար ազդեցություն է ունեցել ծրագիրը կրթական որակի, երեխաների՝ սովորելու ցանկությունը բարձրացնելու վրա»,- ասել է նախարարի տեղակալը և նախարարության անունից պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության շրջանակները և աջակցելու նմանատիպ ծրագրերին՝ ի շահ երեխաների և կրթության որակի բարելավման:

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և տեղեկացրել, որ դրանից կօգտվի շուրջ 1500 մարդ: 

«Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի ամենակարևոր սյուներից է և ապագայի հաջողության բանալին: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով բարելավել մարդկանց կյանքի որակը»,- ասել է դեսպանը և մաղթել շարունակական հաջողություն:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը և տեղեկացրել, որ սա 2-րդ ծրագիրն է, որ իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել