Այս տարվա համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
«Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։
Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով կրկին տեղեկացնում ենք.
1.2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Նշված լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին: Դեռևս 2013թ. կնքված պայմանագրով, որը հրապարակային փաստաթուղթ է, կողմերի միջև համաձայնեցված և հաստատված է եղել փաստացի կալորիականությամբ գազի գնի մեծության ճշգրտման բանաձևը, որը կիրառվելու է 2022 թվականի ապրիլի 1-ից:
2.Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը 2021թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը: Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը:
Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»:
comment.count (0)