Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները:
Փոփոխություններն առաջարկվել էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում:
Պաշտպանության նախարարության մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար:
«Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվող մարտական պատրաստության ծրագիրը ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ինչն էլ ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե´ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:
«Նախագծի ընդունման արդյունքում պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող պաշտպանության նախարարի հրամանները», - ասաց նա։
comment.count (0)