ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է
10:46 - 02 փետրվարի, 2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ:

Բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին:

Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմուրգի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 24-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 10-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձեւերի համար:

Ըստ բանաձեւերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձեւով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում: Ինչպես նաեւ կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը:

Սոնա Ղազարյանը կարեւորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ իրենց պատվիրակության այցերը:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է նաեւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ֆրանկոֆոնիան:

Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել