Արամ Վարդևանյանն առաջարկում է չեղարկել տուգանման բալային համակարգը |hetq.am|
13:55 - 03 փետրվարի, 2022

Արամ Վարդևանյանն առաջարկում է չեղարկել տուգանման բալային համակարգը |hetq.am|

hetq.am: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին, որով պատգամավորն առաջարկում է չեղարկել բալային համակարգը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով վարորդներին հատկացվում է 9 բալային միավոր, յուրաքանչյուր խախտման համար համապատասխան միավոր է իջեցվում, և բոլոր բալերը սպառելու դեպքում վարորդական իրավունքը կասեցվում է:

Նախագծի հեղինակի խոսքով՝ Սահմանադրության համաձայն նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, իսկ գործող օրենքով խախտման համար նախատեսվում է տուգանք գումարի տեսքով և միավորների իջեցում:

Վարդևանյանի ներկայացմամբ՝ բալային համակարգն առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ միջոցների հետ նույն արարքի համար:

«2021-ին 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունքի կասեցում է եղել: Ես չեմ ասում, որ խախտողները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց չպետք է լինի տուգանքների կիրառման  գերակայություն: Միայն տուգանքային միավորներ կարող են լինել՝ առանց գումարային միջոցների, սա ընդունելի մոտեցում չէ»,-ասաց Վարդևանյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել իրավիճակը երթևեկության կանոնների խախտման և մահվան ելքերի տվյալների տեսանկյունից: Ըստ նրա՝ բալային համակարգը որևէ դրական դինամիկա չի ապահովել, հետևաբար համակարգի բացակայությունը ազդեցություն չի ունենալու ոլորտի վրա:

Հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նկատեց՝ համակարգը ներդրվել է այն իրավախախտների համար, որոնք ժամեր շարունակ կարող են կայանել երկրորդ գիծ և ֆինանսապես ի վիճակի են վճարել դրա համար նախատեսված տուգանքը, նրանց համար վարչական տույժի տեսակ է բալերի նվազեցումը: Պատգամավորի խոսքով, սակայն, շատերն իրենց մեքենաները հաշվառում են այլ անձանց անուններով և շարունակում թույլ տալ նույն խախտումները՝ այդպես էլ չզրկվելով վարորդական իրավունքից:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ խնդիրն այն է, որ բալային համակարգը կարող են գնել, բալեր կորցնողները կարող են բալեր նվիրատվություն ստանալ: Քոչարյանի խոսքով՝ ոստիկանությունը նման հարցերը պետք է կարգավորի: Ըստ նրա՝ բալային համակարգը լուրջ զսպաշապիկ է, բալ կորցնում է հիմնականում այն վարորդը, ով վատ է վարում:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը հիշեցրեց համակարգի ներդրման նախապատմությունը: Պատգամավորի խոսքով՝ ժամանակ է եղել, որ 500 հազար քաղաքացի տուգանվել է արագության գերացանցման համար, բայց անգամ այդքան քաղաքացուն տուգանելիս արդյունք չի ապահովվել, վթարների դինամիկան նույն կերպ աճել է:

«Պրակտիկան ցույց տվեց, որ տուգանքը որպես վարչական տույժի միջոց նպատակահարմար չէ ու կորցրել է էֆեկտիվությունը: Մեր տվյալները ցույց տվեցին, որ վարորդների մի ստվար զանգված որևէ խնդիր չունի տուգանքներ վճարելու, տուգանքների չափն ավելացնելը որևէ ազդեցություն չի թողնում: Նաև մենք ունենք վարորդների մի ստվար զանգված, որոնք ընդհանրապես գույք չունեն, դրամական միջոցներ չունեն, ինչքան ուզում եք՝ տուգանեք: Վարորդ ունենք՝ 42 մլն դրամ տուգանվել է, բայց գույք չունի, որ հարկադիրը գործողություն անի, լավ, սրանց դեմը ո՞նց առնենք»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ շատ երկրներ բալային համակարգի ներդրմամբ են արդյունավետության հանգել, օրինակ՝ Ֆրանսիայում 63 տոկոսով նվազել են մահվան ելքով ՃՏՊ-ները: Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել բալային համակարգի արդյունավետության մասին:

«Էս պահին, լավագույն դեպքում, 40 տոկոսով է միայն ներդրվել, Երևանում է գործում տեսահսկման սարքերի միջոցով, մի քանի արագաչափ կա մարզերում: Պարեկը երբ ակտ է գրում, բալ չի հանվում, էս տարվա վերջին կսկսի կիրառվել, երբ պարեկային ծառայությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով բացասական եզրակացություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել