armenpress.am: Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ակտիվության և գնաճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը:
«Ռուսաստանում տնտեսական ակտիվության աճը եղել է 4.4-4.5 տոկոս, իսկ գնաճը 8.4-8.5, Բելառուսում տնտեսական ակտիվության աճը եղել է 3.3 տոկոս, իսկ գնաճը` 10 տոկոս, Ղազախստանում համապատասխանաբար 3.5 տոկոս և 8.4 տոկոս, Ղրղզստանում 3.6 տոկոս և 11.2 տոկոս,իսկ Հայաստանում արձանագրվել է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 7.7 տոկոս: Մենք մեր Միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Եվ սա ևս կարևոր է ընդգծել, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ ԵԱՏՄ-ի շարքում»,- ասաց Քերոբյանը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ գնաճը միջազգային խնդիր է, և Քերոբյանի հնչեցրած թվերը ապացուցում են, որ ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում կա գնաճի բավականին բարձր մակարդակ:
«Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 7 տոկոսի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձ ցուցանիշն է: Ինչ վերաբերվում է ապագա անելիքներին, մեր գնահատականները թույլ են տալիս մեզ լիահույս լինել, որ այս տարվա վերջում կվերադառնանք միջակայք գնաճի առումով ու մեր գործողությունները և տրամաբանությունը միտված է դրան»,- շեշտեց Գալստյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` 2019 թվականին ամբողջ աշխարհում արձանագրվել էր պարենային ապրանքների աճ, իսկ Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից էր, որտեղ ընդհակառակը, պարենային ապրանքների գնի նվազում էր արձանագրվել:
comment.count (0)