ԱԺ-ն քննարկում է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին |1lurer.am|
12:10 - 09 փետրվարի, 2022

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը ծրագրին կնպաստի գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն:

«Ծրագիրը հիմնված է երեք հենասյուների վրա՝ գիտության մեջ գերազանցություն, գլոբալ մարտահրավերներ և մրցակցային արդյունաբերություն, նորարարություններ: Միտված է խթանելու նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծմանն ուղղված համատեղ ջանքերը՝ որպես հիմնարար սկզբունք ունենալով միջազգային գիտական և նորարարական համագործակցության խթանումը»,- ասաց փոխնախարարը:

Համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Դա բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղությամբ նախատեսված՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման և այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: 

«Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ինչպես բուհերը և գիտական կազմակերպությունները, այնպես էլ նորարարական գործունեության մեջ ընդգրկված և իրականացնող տարբեր իրավական կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, մասնավոր հատվածի տարբեր շահառուներ»,- ասաց Մարտիրոսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել