ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին այսօր դատարանն ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի համար նոր հանրային պաշտպան՝ Սեդրակ Մկրտչյանին ներգրավեց: Արմեն Բիլյանը հրաժարվեց մինչ այս իր գործում ներգրավված բոլոր հանրային պաշտպաններից:
«Մենք բացարձակապես չենք կարողանում աշխատել այդ պաշտպանների հետ, նրանք իմ մոտ չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում, ուղղակի գալիս են, ներկա ստանում ու գնում: Ես հանրային պաշտպան չեմ ուզել»,- հայտարարեց Արմեն Բիլյանն, ապա, շարունակելով, նշեց, որ իր մյուս հանրային պաշտպան Վահե Եփրիկյանը մոտ մեկ ամիս է՝ իր շահերը պաշտպանելու համար ներգրավվել է գործում, բայց իրեն չի այցելել, մինչ Եփրիկյանը, նրա շահերը պաշտպանող մեկ այլ հանրային պաշտպան ընդամենը մեկ անգամ է այցելել իրեն:
«Պաշտպանը նրա համար է, որ պաշտպանություն ապահովի, եթե ուղղակի ներկա ստանալու համար պաշտպան են ուղարկում, ապա ինձ պաշտպան հարկավոր չէ: Հանրային պաշտանի գրասենյակի ղեկավարին ասեք, որ էլ պաշտպան չուղարկի առանց իմ կարծիքը հարցնելու»,- ասաց Բիլյանը:
Վահե Եփրիկյանը, սակայն, համաձայն չէ Բիլյանի հետ: Պաշտպանը նշեց, որ նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ես ամեն գործի քննության ընթացքում ամեն ինչ իր հետ համաձայնեցնում եմ, իր շահերին հակասող որևէ գործողություն չեմ կատարում: Ինչ վերաբերում է վերջինս տեսակցելուն, ապա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ չեմ կարողացել նրան տեսակցել, սակայն չի եղել այնպիսի հանգամանք, որը նա ցանկացել է ինձ հետ քննարկել, և ես ժամանակ չեմ գտել»,- ասաց Վահե Եփրիկյանը:
Դահլիճ բերվեց նաև Պավել Մանուկյանն, ով նույնպես հրաժարվեց նոր հանրային պաշտպանից՝ նշելով, թե ինքը ունի պաշտպան: Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատավորը որոշեց Սեդրակ Մկրտչյանին ներգրավվել որպես Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպան:
Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեցին գործով տուժող ճանաչված երեք ոստիկաններ:
comment.count (0)