Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը միացնել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը»: Այն կվերանվանվի «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ:
Նախագիծը քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Պետգույքի կոմիտեն նշում է, որ «Աճուրդի կենտրոն»-ի լուծարումից հետո տարեկան կտնտեսվի մոտ 31 միլիոն դրամ: Գումարը ՊՈԱԿ-ին հատկացվում էր պետական բյուջեից:
«Միացման նպատակը երկու կազմակերպությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է»,- հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Կոմիտեի փոխանցմամբ՝ «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարելու է նաև նոր գործառույթներ՝ շինությունների և հողամասերի չափագրում, հատակագծերի կազմման ծառայություններ:
Օպտիմալացման արդյունքում նոր ձևավորվող ՊՈԱԿ-ը կմասնակցի նաև պետական գնումների գործընթացին՝ էլեկտրոնային աճուրդի իրականացման, գնահատման և չափագրման ծառայություններ կմատուցի պետական այլ գերատեսչություններին, մասնավոր հատվածին, ինչը նախկինում չի իրականացվել։
«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական գույքի օտարման, մասնավորեցման, վարձակալության տրամադրման աճուրդներ: Սակայն կոմիտեն որոշել է դադարեցնել այս ՊՈԱԿ-ի գործունեությունը, քանի որ 2019թ. առաջին կիսամյակում ներդրվելու է պետական գույքի վաճառքի և վարձակալության աճուրդի էլեկտրոնային համակարգ, բացի այդ, այս կերպ օպտիմալացվելու են միևնույն գործառույթն իրականացնող առանձնացված ստորաբաժանումները:
comment.count (0)