tert.am: Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընթացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։
Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։
Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։
comment.count (0)