«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ
 |hetq.am|
10:45 - 11 փետրվարի, 2022

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցությունը երկրորդ անգամ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 80 հազար դրամ։ 

Նշենք, որ օրենքում վերջին փոփոխությունն արվել է 2019 թվականին, և նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։

Մասնավորապես՝ 

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամի փոխարեն 478 դրամ։

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամի փոխարեն 534 դրամ։

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամի փոխարեն 800 դրամ:

Հեղինակը նշում է, որ ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները։

«Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին։ Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաև Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին»,- ասված է հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ այս նախագիծը փետրվարի 8-ին արդեն իսկ քննարկվել էր ԱԺ նիստում։ Այդ ժամանակ նախագծի հեղինակն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ։ Նախագիծը դրվել էր քվեարկության` օրակարգ ներառվելու համար և ստացել էր 31 կողմ, 61 դեմ ձայն: Հետևաբար՝ այն չէր չներառվել օրակարգ: Նշենք նաև, որ նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել