Փետրվարի 9-ին՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց արձագանքել քննադատություններին, որոնց համաձայն՝ ընդդիմադիր գործունեության ընթացքում Փաշինյանը որոշ խնդիրների վերաբերյալ ունեցել է այլ կարծիք, իսկ այժմ ունի այլ կարծիք։ Փաշինյանն էլ, պատասխանելով Բագրատյանի հարցին, ասաց, որ առիթ ունեցել է խոսել ՀԱՊԿ-ի վերաբերյալ նախկինում արտահայտած տեսակետների, բուհերի՝ կուսակցական չլինելու խոստման մասին․ «Այո՛, ասել եմ, բայց արդյունքում պարզվեց, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել, և մեկ էլ մի իքս պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ։ Ասում են՝ ասել եք, որ քաղաքական նշանակումներ դիվանագիտական ծառայության մեջ մաքսիմալ սահմանափակ են լինելու, չենք ասել՝ չենք անելու, ասել ենք՝ սահմանափակ ենք անելու, բայց ես հիմա ասում եմ՝ ոչ, սահմանափակ չենք անելու։ Ինչո՞ւ։ Ձեզ հայտնի պատճառներով»։
Փաշինյանի կարծիքով՝ ընդդիմությունը վերը նշված հանգամանքները համարում է միջազգային գործընկերների բացասական արձագանքի պատճառ։ Նրա խոսքով, սակայն, միջազգային գործընկերներից արձագանք են ստանում ՀՀ-ի՝ ժողովրդավարական պետություն լինելու մասին․ «Հարց չեն տալիս, հարցազրույցներում ասում են, կառավարությանը հարց չեն տալիս դատական համակարգի մասին․ արձանագրում ենք, որ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումը արձանագրում է, որ Արևելյան գործընկերության մեջ ՀՀ-ն անկախ դատական համակարգի առումով առաջատար երկիր է, կոռուպցիայի դեմ պայքարի առումով առաջատար երկիր է, և այլն, և այպես շարունակ։ Երբ ՀՀ-ին հրավիրում են ժողովրդավարության սամմիթին («Հանուն ժողովրդավարության» գագաթաժողով,- խմբ․) մասնակցելու, այլ երկրների չեն հրավիրում, այդ երկրները նեղվում են: Երբ ՀՀ-ին համարում են ժողովրդավար երկիր, ուրիշ երկրների չեն համարում այդ երկրները նեղվում են, երբ ասում են, որ ՀՀ-ում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ երկրներում լեգիտիմ չեն։ ՀՀ-ում իրադարձություններ են տեղի ունեցել, գիտեք՝ ինչ, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներով քայլելիս»։
44-օրյա պատերազմից հետո, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ավելի է խստացվել։ Վարչապետի այցերը տարբեր վայրեր հաճախ ուղեկցվել են մոտակա շենքերում դիպուկահարների տեղակայմամբ, նա փողոցով քայլել է բազմաթիվ թիկնապահներով շրջապատված։
Այսպես․ 2020 թ․-ի նոյեմբերի 18-ին մի խումբ քաղաքացիներ հաջակցություն Փաշինյանի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Ակցիայի ընթացքում քաղաքացիներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով դադարեցնել հավաքը։ Կառավարության շենքից Փաշինյանը դուրս էր եկել՝ չորս կողմից շրջապատված Պետական պահպանության ծառայության աշխատակիցներով, որոնք զենք էին կրում։
Նիկոլ Փաշինյանը՝ ակցիայի ժամանակ
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 9-ին, երբ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժում»-ը ակցիաներ էր իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, համացանցում հայտնվեց Փաշինյանի ավտոշարասյան տեսանյութը, որում դիմակավորված և զինված թիկնապահների զենքերն ուղղված են դեպի դուրս։ Այդ օրը սպասվում էր Փաշինյանի այցը խորհրդարան՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նպատակով։
2021-ի փետրվարի 23-ին, երբ Փաշինյանը պետք է գնար կառավարության երրորդ մասնաշենք, իսկ «Հայրենիքի փրկության շարժում»-ն ընդդեմ Փաշինյանի ակցիա էր իրականացնում, լրատվամիջոցները կառավարության շենքում դիպուկահարների էին ֆիքսել։
2021 թ․-ի մարտի 3-ին, երբ ԱԺ-ում տեղի էր ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, և սպասվում էր Փաշինյանի այցը խորհրդարան, ԱԺ շենքում լրատվամիջոցները դիպուկահարների էին նկատել։ Այդ օրը նույնպես «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք էր անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Ի դեպ, դիպուկահարների առկայությանը նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր անդրադարձել՝ նշելով, որ խորհրդարանի շենքում դիպուկահարների բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է։
Իսկ 2021 թ․-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցները դիպուկահարների էին նկատել այն շենքերի տանիքներին, որոնց մոտակայքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ էր իրականացնում։ Այդպիսի դեպքեր արձանագրվել էին, օրինակ, Վանաձորում, Գորիսում։
Այսպիսով, 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման մակարդակը էականորեն փոխվել է, հանրային քննարկման թեմա են դարձել Փաշինյանի անվտանգության աշխատակիցների՝ զենքը մեքենայից դեպի դուրս պահելը, ԱԺ, կառավարության շենքերում ժամանակ առ ժամանակ տեղակայված դիպուկահարները։
Նանե Ավետիսյան
comment.count (0)