Նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրիր․ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարության աշխատակից
18:27 - 14 մայիսի, 2019

Նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրիր․ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարության աշխատակից

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրենից պահանջել են աշխատանքից հեռացման դիմում գրել:

Գրառման մեջ մասնավորապես ասված է․

«Այսօր՝ ժամը 16:22, աշխատանքի վայրում նստած զանգ եմ ստանում ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների նախարարին մոտ կանգնած անձից (նույնիսկ հիմա շարունակում եմ պահպանել սոլիադարությունը և անուն չեմ հրապարակում), ով շատ հանգիստ տոնով ասաց, որ նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրի: Իմ այն հարցին, թե ինչի՞ համար պետք է դիմում գրեմ, վերջինս ասաց, թե բա նախարարն է ասում ու վերջ: Ճիշտն ասած, ես արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եմ ՀՀ պետական համակարգում և չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է պետական աշխատողը նախարարի ասելով դիմում գրի ու աշխատանքից դուրս գա: Գուցե նախարարի այդ հանձնարարականը պայմանավորված է նրանով, որ ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում, քննադատում եմ այն երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց նման օրենք կա՞, որ քննադատելու համար պետական ծառայողը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի, առավել ևս, որ նախարարը պետք է ասի նման բան աշխատողին: Եթե կա, ապա գոնե տեղյակ պահեն, որ մարդիկ իմանան՝ կարծիք հայտնելուց առաջ աշխատանքից ազատվելու դիմում գրեն, նոր ՖԲ-ում ինչ-որ քննադատական ստատուս դնեն կամ ինչ-որ մեկի գրառմանը լայքեն: Տեղեկացնեմ, որ ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, ինչպես նաև հորդորում եմ նման անօրինական միջամտություններ չանել պետական աշխատակիցների աշխատանքին: Սա ոչ միայն տարրական հարգանքի բացակայություն է աշխատակցի նկատմամբ, այլ նաև անօրինական միջամտություն: Եթե ուզում են Ֆեյսբուքում ստատուս գրելու կամ լայքեր դնելու համար աշխատակցին հեռացնել, ապա թող դա անեն օրինական եղանակով, աշխատանքից ազատելու հրաման տան, որի մեջ էլ նշեն ազատման հիմքերն՝ իմ դեպքում քննադատական ստատուսներ գրելն ու լայքեր դնելը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել