Ո՞ր երկրներն են ռազմական օգնություն տրամադրում Ուկրաինային․ ամփոփ
18:25 - 01 մարտի, 2022

Ո՞ր երկրներն են ռազմական օգնություն տրամադրում Ուկրաինային․ ամփոփ

Աշխարհի մի շարք երկրներ զենք և հումանիտար օգնություն են ցուցաբերում Ուկրաինային, որտեղ, Ռուսաստանի ներխուժումից ի վեր, շարունակվում են ռազմական գործողությունները։

Ներկայացնում ենք երկրների ցանկն ու տրամադրվող օգնության տեսակն՝ ըստ Al Jazeera-ի անդրադարձի։ 

ԱՄՆ: Փետրվարի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հրահանգել է լրացուցիչ 350 մլն դոլարի զենք տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինան խնդրել էր իրեն տրամադրել «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիրներ և «Ստինգեր» զենիթային հրթիռներ։

Պենտագոնը նշել է, որ տրամադրվող զենքը ներառում է հակատանկային միջոցներ, զենիթային կայաններ, հրաձգային զենք, զրահաբաճկոններ և զինամթերք՝ առաջնագծում կռվող ուկրաինացիների համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այդպիսով, անվտանգության ոլորտում ԱՄՆ տրամադրած օգնությունն Ուկրաինային վերջին մեկ տարում կազմել է ավելի քան 1 մլրդ դոլար։

Եվրամիություն: Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսավորել է զենքի գնում և մատակարարում այն բանից հետո, երբ միության երկրների առաջնորդները համաձայնության են եկել Կիևին 450 մլն եվրոյի ($502) զենք տրամադրելու հարցում։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ երկրներից մի քանիսը Կիևին կործանիչներ կուղարկեն։

Մեծ Բրիտանիա։ Հունվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ մեծ Բրիտանիան «որոշում է կայացրել Ուկրաինային թեթև հակատանկային հրթիռներ մատակարարելու»։

Ֆրանսիա։ Ֆրանսիան, որն արդեն օգնություն ցուցաբերել է Ուկրաինային, ավելի շատ ռազմական տեխնիկա և վառելիք է տրամադրում։ Փարիզը հայտարարել է, որ հաշվի է առել Ուկրաինայի խնդրանքը՝ պաշտպանական զենիթային և թվային զենք ստանալու մասին։

Նիդերլանդներ։ Նիդերլանդներն Ուկրաինային կաջակցի հակաօդային պաշտպանության հրթիռներով և հակատանկային համակարգերով։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Նիդերլանդների կառավարությունը։

Կառավարությունն արձագանքել է Ուկրաինայի խնդրանքին՝ հրատապ տրամադրելու 200 «Ստինգեր» զենիթահրթիռային համալիր, 50 «Պանցերֆաուստ-3» հակատանկային նռնականետ և 400 ռեակտիվ արկ։

Գերմանիա։ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1000 միավոր հակատանկային զենք և 500 «Ստինգեր» զենիթահրթիռային համալիր։

Մինչ այս Գերմանիան զերծ էր մնում հակամարտության գոտի զենք արտահանելուց։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շրջադարձային պահ է։ Այս իրավիճակում մեր պարտականությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ Պուտինի բանակից պաշտպանվելու հարցում Ուկրաինային օգնելու համար»,- շաբաթ օրն ասել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Կանադա։ Օտտավան Ուկրաինային զենք է ուղարկում և տրամադրում է կես միլիարդ կանադական դոլար վարկ ($394 մլն)՝ նրա ինքնապաշտպանությանն օգնելու նպատակով։

Շվեդիա, Նորվեգիա և Դանիա։ Ստոկհոլմը նույնպես խախտում է իր պատմականորեն չեզոք դիրքորոշումը և Ուկրաինա ուղարկում 5000 միավոր հակատանկային զենք։ Դանիան ուղարկում է ևս 2700 միավոր։ Նորվեգիան ուղարկում է սաղավարտներ և զրահաբաճկոններ, ինչպես նաև «Մ-72» հակատանկային նռնականետներ։

Ֆինլանդիա։ Ֆինլանդիան նույնպես «պատմական» որոշում է կայացրել Ուկրաինային ուղարկելու 1500 միավոր հակատանկային զենք, 2500 գրոհային հրացան, 150 000 փամփուշտ և 70 հազար մթերաբաժին։

Բելգիա։ Բելգիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 3000 միավոր ինքնաձիգ և 200 միավոր հակատանկային զենք։

Պորտուգալիա։ Պորտուգալիան Ուկրաինային տրամադրում է գիշերային տեսանելիության սարքեր, զրահաբաճկոններ, սաղավարտներ, զինամթերք և G3 ինքնաձիգներ։

Հունաստան։ Հունաստանը, որ մեծ համայնք ունի Ուկրաինայում (համայնքաից 10 հոգի զոհվել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում), «պաշտպանական միջոցներ» և մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա։

Ռումինիա։ Ուկրաինային սահմանակից Ռումինիան առաջարկում է Ուկրաինայից վիրավորներ ընդունել իր 11 ռազմական հոսպիտալներում, ինչպես նաև տրամադրում է վառելիք, զրահաբաճկոններ, սաղավարտներ և $3,3 միլիոնի այլ զինամթերք։

Իսպանիա։ Իսպանիայի կառավարությունը խոստացել է ուղարկել 20 տոննա օգնություն Ուկրաինային, հիմնականում՝ բժշկական սարքավորումներ և պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ զրահաբաճկոններ։

Չեխիա։ Չեխիան շաբաթ օրը հայտարարել է, որ հաշված ժամերի ընթացքում Ուկրաինային է ուղարկելու 4000 ականանետ, 7000 գրոհային հրացան, 30 հազար ատրճանակ, 3000 ականանետ, դիպուկահար հրացաններ և մեկ միլիոն փամփուշտ։ Չեխիան խոստացել է Կիևին $1,6 միլիոնի 4000 ականանետներ, որոնք դեռ պետք է առաքվեն։

Խորվաթիա։ Զագրեբը Ուկրաինային է տրամադրելու 16 միլիոն եվրոյի հրաձգային զենք և զրահաբաճկոններ։

Գլխավոր լուսանկարը՝ «Al Jazeera»-ի

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել