«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում |news.am|
11:40 - 02 մարտի, 2022

«Թող չեղյալ համարեն համայնքապետի իրենց ընտրությունը». Բողոքի ակցիա՝ Փարաքարում |news.am|

news.am: Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը եւ ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված եւ չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը»:

Նրանք նշեցին, որ իրենք հավաքել են ընտրողների 60 %-ի ստորագրությունները եւ պահանջում են արտահերթ ընտրություններ:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք եւ ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել  ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն այսօր նրանք վայր դրեցին մանդատները եւ հեռացան նիստերի դահլիճից:

Հունվարի 3-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը կառավարությունից պահանջել էր ցրել ավագանին եւ նոր ընտրություններ նշանակել, քանի որ եթե համայնքի ղեկավարը երկու շաբաթվա ընթացքում չի ընտրվում, ապա օրենքով կառավարությունը արտահերթ ընտրություններ է նշանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել