Արցախի նախագահը տորագրել է հրամանագիր՝ ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ
14:07 - 21 մարտի, 2022

Արցախի նախագահը տորագրել է հրամանագիր՝ ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին: 

Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից ՝

1.Արցախի Հանրապետության պետական մարմինների և պետական կազմակերպությունների (այդ թվում՝ ուսումնական հաստատությունների) ղեկավարներին հանձնարարվել է տնօրինվող հաստատությունների աշխատակազմերի միջոցով սեփական միջոցների հաշվին կազմակերպել այդ հաստատությունների շենքերի ու հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:

2.Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ տանել հանրապետության ընդհանուր օգտագործման (միջպետական, հանրապետական և տեղական նշանակության) ճանապարհների ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ և այդ մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել Արցախի տեղեկատվական շտաբին՝ հրապարակելու նպատակով:

 

3.Ստեփանակերտի քաղաքապետին առաջարկվել է բացի համայնքային կազմակերպությունների ներուժից, Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել նաև մասնավոր սեկտորի գործատուների աշխատուժն՝ իրենց աշխատավայրերի հարակից տարածքները սեփական միջոցներով ձնամաքրելու ձևով:

4.Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է ղեկավարվել սույն հրամանագրի դրույթներով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել