Ինչո՞ւ է Մարիուպոլն այդքան կարևոր ռուսական զորքերի համար. The Guardian
21:02 - 22 մարտի, 2022

Ինչո՞ւ է Մարիուպոլն այդքան կարևոր ռուսական զորքերի համար. The Guardian

Արդեն երեք շաբաթ է՝ ռուսական զորքերը պաշարել են ուկրաինական նավահանգստային Մարիուպոլ քաղաքը։ 100-200 հազար մարդ փակված է քաղաքում, որն անխղճորեն ռմբակոծվում է, գրում է The Guardian-ը։ Պարբերականի հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Տեղի իշխանությունն ասում է, որ քաղաքային ենթակառուցվածքների 80%-ն ավերվել է, դրանց մի մասն այլևս հնարավոր չէ վերականգնել։ Քաղաքը մնացել է առանց ջրի, էլեկտրականության և ջեռուցման, իսկ զոհվածների թիվն անհամար է։ Այս շաբաթ Ուկրաինան մերժել է Մարիուպոլը հանձնելու Ռուսաստանի վերջնագիրը։

Մարիուպոլի անկումը տնտեսական հուժկու հարված կլինի Ուկրաինայի և խորհրդանշական հաղթանակ՝ Ռուսաստանի համար։

«Մարիուպոլը գործնական և խորհրդանշական նշանություն ունի Ռուսաստանի համար», — Guardian-ին ասել է Կիևի էկոնոմիկայի դպրոցի Տնտեսական լրագրությունում որակավորման բարձրացման կենտրոնի ղեկավար Անդրեյ Յանիցկին։

«Դա խոշոր նավահանգստային քաղաք է և ուկրաինական զինված ուժերի տեղակայման վայր։ Այնպես որ, եթե ռուսներն ուզում են ցամաքային միջանցք ունենալ [Դոնբասից] Ղրիմ, նրանք պետք է վերահսկողության տակ առնեն քաղաքը»։

2014 թ-ից Մարիուպոլը 30 կմ հեռավորության վրա է Ռուսաստանի վերհսկողության տակ գտնվող Դոնբաս անջատողական շրջանից։

 

Տնտեսական շնչահեղձություն

Մարիուպոլը մետաղագործական կենտրոն է, որտեղ տեղակայված են սև մետալուրգիական գործարաններ, ծանր մեքենայաշինության արտադրամասեր և նավերի վերանորոգման կետեր։ Մարիուպոլում են գտնվում Ուկրաինայի խոշորագույն մետաղագործական գործարանները, որոնք պատկանում են երկրի «Մետինվեստ» առաջատար մետաղագործական ընկերությունների խմբին։ Դրանցից մեկն՝ «Ազովստալն», այս շաբաթ մեծապես վնասվել է ռուսական կողմի հրետակոծության հետևանքով։

Յանիցկիի խոսքով՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում ոչ միայն քաղաքացիական, այլև տնտեսական ենթակառուցվածքներին՝ ձգտելով հնարավորինս մեծ վնաս պատճառել։

Մարիուպոլում է նաև Ազովի ծովի խոշորագույն առևտրային նավահանգիստը, որտեղից Ուկրաինան արտահանում է հացահատիկ, երկաթ և պողպատ, ինչպես նաև ծանր տեխնիկա։ 2021 թ-ին Մարիուպոլի նավահանգստից ուկրաինական արտահանման հիմնական ուղղություններն են եղել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ Իտալիան, Լիբանանը և Թուրքիան։

Նավահանգիստը մեծապես տուժել է Դոնբասում պատերազմի մեկնարկից հետո՝ զրկվելով նախկին շուկաներից տարանցիկ բեռնափոխադրումների հոսքերից, այդ թվում՝Ռուսաստանից։ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը կամուրջ է կառուցել, որը թերակղզին կապում է ցամաքի հետ, և միակողմանի կարգով  սահմանափակումներ մտցրել Կերչի նեղուցով նավերի երթևեկի համար։

 

Խորհրդանշական իմաստ ու քարոզչություն

Յանիցկու խոսքով՝ Մարիուպոլը խորհրդանշական իմաստ էլ ունի։ 2014 թ-ին Մարիուպոլը՝ Դոնեցկի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքը, դիմացել է ռուսամետ ուժերի կարճաժամկետ օկուպացիային։ Այն բանից հետո, երբ Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Դոնեցկի շրջկենտրոնի նկատմամբ, Մարուպոլն ընդունել է Դոնբասի օկուպացված հատվածներից ներքին տեղահանվածերի ամենամեծ հոսքը՝ 96 հազար մարդ 2019 թ-ի դրությամբ։

Մարիուպոլը ոչ միայն այն հատվածում է, որին հավակնում է այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը, որի անկախությունը Ռուսաստանը ճանաչել է լայնամասշտաբ հարձակումից առաջ, այլև Վլադիմիր Պուտինի «Նովոռոսիա» հայեցակարգի մի մասն է, տարածքի, որը Սև ծովի ափի երկայնքով տարածվում է դեպի Ուկրաինայի արևելք և հարավ, այս տարածքները Պուտինը դիտարկում է որպես «ռուսական պատմական հողեր»։

 Մարիուպոլի գրավումը հսկայական հաղթանակ կլիներ նաև Կրեմլի քարոզչության համար, որն Ուկրաինան ներկայացնում է որպես նացիստների կողմից ղեկավարվող երկիր, իսկ պատերազմը՝ որպես «դենացիֆիկացիա»։ Քաղաքը եղել է նաև «Ազով» գումարտակի տեղակյաման վայր, որը կապում են ուլտրաաջ և նեոնացիստական խմբավորումների հետ։ Թեև դրանք Ուկրաինայի Ազգային գվարդիայի միայն չնչին մասն են կազմում՝ ռուսական քարոզչությունը պնդում է, որ «Ազովի» մարտիկները պատասխանատվություն են կրում Մարիուպոլում խաղաղ բնակիչների սպանության և ավերածությունների համար»։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել