ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը:
Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջեւ ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:
comment.count (0)