Արևմտյան երկրները պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն՝ գազի դիմաց վճարելու համար․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
20:27 - 31 մարտի, 2022

Արևմտյան երկրները պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն՝ գազի դիմաց վճարելու համար․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հաղորդել է, որ հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրներին» գազի վաճառքի կանոնների մասին, որը ենթադրում է պայմանագրերով նախատեսված վճարումների նոր համակարգ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ երկրների կոնտրագենտներին առաջարկում ենք հասկանալի և թափանցիկ սխեմա․ ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլիով հաշվեհամարներ բացեն ռուսական բանկերում, հենց այդ հաշվեհամարներից էլ կիրականացվի գազի վճարումը, որը կմատակարարվի վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից», - տեղեկացրել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ վճարման պարբերականության խախտման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։

«Իսկ եթե այդ վճարները չկատարվեն, մենք դա կհամարենք գնորդների կողմից պարտավորությունների չկատարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասել է նա։

«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի տալիս, և մենք էլ բարեգործությամբ չենք զբաղվելու։ Այսինքն՝ գործող պայմանագրերը կկասեցվեն», - ընդգծել է Պուտինը։

Նա ասել է, որ Ռուսաստանի՝ եվրոյով և դոլարով ակտիվների սառեցման պայմաններում արևմտյան երկրների արժույթներն օգտագործելն իմաստ չունի։

«Իրականում ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ է արդեն կատարվել։ Մենք եվրոպացի սպառողներին տրամադրել ենք մեր ռեսուրսները, տվյալ դեպքում՝ գազը։ Նրանք այն ստացել են, մեզ վճարել են եվրոյով, որը հետո իրենք էլ հենց սառեցրել են։ Այս առնչությամբ բոլոր հիմքերը կան կարծելու, որ Եվրոպային մատակարարված գազի մի մասը մենք տրամադրել ենք փաստացի անվճար», - ասել է Պուտինը՝ նշելով, որ հին վճարային համակարգի պահպանման դեպքում եվրոյով և դոլարով ֆինանսական մուտքերը նույնպես կարող են արգելափակվել։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել