ՄՊՀ-ը նախազգուշական պրոցեսներ է իրականացնում ձվի արհեստական գնաճը կանխելու համար |hetq.am|
12:53 - 08 ապրիլի, 2022

ՄՊՀ-ը նախազգուշական պրոցեսներ է իրականացնում ձվի արհեստական գնաճը կանխելու համար |hetq.am|

hetq.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ եթե գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները Սբ. Հարության տոնին ընդառաջ ձվի շուկայում արհեստական գնաճ գրանցեն, ապա Հանձնաժողովը գործընթաց կսկսի:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ձվի գինը կարծես թե կարգավորվել է, եթե հանկարծ Հարության տոնին ընդառաջ տեղի ունենան չարաշահումներ, ինչպես նախորդ տարի, երբ մենք գործընթաց սկսեցինք ու պատասխանատվության ենթարկեցինք, այս տարի ևս դա կանենք: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում խոշոր տնտեսվարողների հետ ու նախազգուշական պրոցեսներ ենք իրականացնում, որ գործը չհասնի վարույթների»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով շաքարավազի գնին ՄՊՀ նախագահը մանրամասնեց՝ բարձրացումների դեպքում հանձնաժողովն ուսումնասիրում է՝ արդյոք շաքար ներմուծող և արտադրող ընկերությունները գնի բարձրացումը տնտեսական իրողություններին համահունչ են իրականացնում:

«Պնդումները, որ աշխարհում շաքարավազի գինն իջնում է, Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում: Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց ենք տալիս, որ դոլարի փոխարժեքի իջեցման պայմաններում են գներն իջել և աշխարհում ինքնարժեքի իջեցման պայմաններում, օրինակ՝ կարագը, ձեթը»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում ընդհուպ՝ գերազանցում է 400 դրամը, ՄՊՀ նախագահը նորմալ է համարում:

«Չի կարող «Սաս» սուպերմարկետում նույն գինը լինել, ինչ «Երևան Սիթի»-ում կամ «Զովք»-ում, բակային խանութում այլ գին է: Սա է հենց տնտեսական մրցակցությունը, տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով պրոդուկտ են առաջարկում: Ուզո՞ւմ եք ամբողջ երկրում հացը նույն գինը լինի: Նույնն են նաև վարսավիրանոցները, վարսահարդարումը այլ գին է կենտրոնում, մեկ այլ տեղ՝ այլ գին»,- ասաց Գևորգյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել