ՀՀ-ում 614 վթարային բազմաբնակարան շենք կա, որից 90-ը՝ 3-րդ, 524-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության
10:45 - 06 հունիսի, 2022

ՀՀ-ում 614 վթարային բազմաբնակարան շենք կա, որից 90-ը՝ 3-րդ, 524-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության

Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում մի քանի միջին ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։

2021 թ․-ի փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը առավել բարձր մագնիտուդով էր՝ 4.7։ Երկրաշարժը Երևան քաղաքում զգացվել էր 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հաջորդ տարի նույն օրը Հայաստանում  5.2 մագնիտուդ ուժգնությաբ երկրաշարժ էր գրանցվել, որը Տավուշում, Կոտայքում, Արմավիրում, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Երկու դեպքում էլ Հայաստանի տարբեր մարզերում փլուզումներ էին գրանցվել[1,2]: Այս ամենի ֆոնին դարձյալ շատ է քննարկվում  Հայաստանի սեյսմիկ անվտանգության թեման։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի տրամադրած տվյալների՝ Հայաստանում կա 614 վթարային բազմաբնակարան շենք, որից 524-ը՝ 3-րդ աստիճանի  վնասվածության, 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության։ ՀՀ-ում ընդհանուր առմամբ կա 19183 բազմաբնակարան շենք։

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 614 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների 50%-ը տրվել են մինչև 2010թ․-ն, իսկ մնացած մասը՝ 2010-ից հետո։

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերը ենթակա են ուժեղացման-վերականգնման։ 4-րդ աստիճանի վնասվածության շենքերը ենթակա են քանդման, իսկ բնակիչների համար վերաբնակեցման ծրագրեր պետք է իրականացվեն։ 

Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքրվել ենք՝ արդյոք 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի քանդման պայմաններում իրականացվո՞ւմ են վերաբնակեցման ծրագրեր․ ի պատասխան հայտնել են, որ Կոմիտեի համակարգմամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը․

  • ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային փայտյա հանրակացարանային 2 շենքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվում է բազմաբնակարան շենք։
  • Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Աշոտաբերդ թաղամասի 24 փայտյա վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով մեկնարկել են Աշոտաբերդ թաղամասում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները։
  • Միաժամանակ, 2023-2025 թթ․ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման շրջանակներում Կոմիտեին ներկայացրել է հայտեր այլ վթարային շենքերի մասով ևս, և համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում կմեկնարկեն աշխատանքներ նաև այդ շենքերի մասով։  

4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի վերաբնակեցման լայնածավալ ծրագրեր, սակայն, չեն իրականացվել՝ ինչպես տեղեկացրել Կոմիտեն։ Խնդիրների լուծումն ավելի շատ կրել է իրավիճակային բնույթ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից իրականացված մի շարք ծրագրերի շրջանակներում պետական և համայնքային բյուջեներով նախատեսված շուրջ 23 միլիարդ դրամ միջոցների հաշվին վերաբնակեցվել են 36 բազմաբնակարան շենքերի մոտավորապես 1300 բնակարանների և 2700 անհատական բնակելի տների բնակիչներ։

Հարցին, թե ինչու չեն իրականացվել վերաբնակեցման ծրագրեր, Կոմիտեն հիշեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ և 165-րդ հոդվածների դրույթները, որոնց համաձայն՝ իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, ինչպես նաև այդ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։

 

Բնակֆոնդի ծերացման դեմ ուղղված քայլերը

Քաղաքաշինության կոմիտեն, ի պատասխան մեր հարցմանը, մանրամասնել է նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվում բնակֆոնդի ծերացման դեմ։ 

«Հաշվի առնելով բնակֆոնդի վիճակի բարելավման հիմնախնդիրը միայն սեփականատերերի կամ միայն պետական միջոցների հաշվին լուծելու ոչ իրատեսական լինելու հանգամանքը՝ ՀՀ կառավարությունն անցած տարի հաստատել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը»։

Ըստ կոմիտեի՝ Հայեցակարգի հիմնական նպատակը վթարային վիճակում գտնվող բնակֆոնդի կանոնակարգման համար իրավական հիմքերի ստեղծումն է՝ հայեցակարգերից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով։ Հայեցակարգի նպատակն է նաև հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը։

«Հայեցակարգի առանցքային դրույթներից մեկն այն է, որ մշակվող պետական քաղաքականությունը պետք է նպաստի սեփականատերերի մասնակցային գործընթացին։ Այն նաև պետք է խրախուսի հիմնախնդրի կանոնակարգումը կառուցապտաման ներդրումային ծրագրերի շրջանակներում դիտարկելու հնարավորությունը՝ նմանատիպ ծրագրերի իրականացման համար ներդրումների և գործարարության համար բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով»։

Դրա հետ մեկտեղ, ըստ կոմիտեի,  կառավարության ծրագրով նախատեսվել է, որ առաջիկա տարիներին Կառավարության ջանքերն ուղղված են լինելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդրի լուծման նպատակով միջազգային լավագույն փորձի հիման վրա նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

«Բացի դրանից՝ 2019թ․-ին համապատասխան փոփոխություն է կատարվել համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգում, որով հնարավորություն է ընձեռվել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով, որպես բացառություն, դիտարկել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման հայտերը (պետական աջակցությունը կազմում է 35-60)»։ 

Նշենք, որ Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքվել ենք նաև, թե քանի վթարային շինություն կա ՀՀ-ում․ պատասխանել են, որ Հանրապետության շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար հավաքագրվում և թարմացվում են՝ հիմք ընդունելով համապատասխան մարզերից, Երևանի քաղաքապետարանից տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող կազմակերպություններից ստացած տվյալները։ Սակայն տվյալներն ամբողջական չեն և մշտապես փոփոխվում են՝ հաշվի առնելով, որ շենքերի և շինությունների սեփականատերերի կողմից տեխնիկական վիճակի հետազննությունները հիմնականում չեն պատվիրվում սահմանված ժամկետներում, իսկ պատվիրվելու դեպքում ոչ միշտ են ներկայացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ։ 

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել