Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ Այս մասին ԱԺ-ում այսօր ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փառուխում ստեղծված իրավիճակի և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողությունների համատեքստում:
Նշենք՝ որ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հայտնել էին, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել իրենց մուտքը Արցախ:
Փաշինյանի խոսքով սա տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանքը նախատեսված է ՀՀ և ԼՂ կապը պահելու համար։
«Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովի կապը ՀՀ և ԼՂ միջև»,- հավելեց նա:
Հավելենք, որ իրավիճակի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև ՀՀ ԱԳՆ-ն. «ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը ԼՂ։ Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով ԼՂ անխափան կապը ՀՀ հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:
comment.count (0)