Երբ խոսում են նշաձողի իջեցումից, սա թերևս ոչ թե և ոչ այնքան նշաձողի իջեցում է, այլ տոնայնության և դիրքավորման փափկեցում․ Էդուարդ Աղաջանյան
15:41 - 15 ապրիլի, 2022

Երբ խոսում են նշաձողի իջեցումից, սա թերևս ոչ թե և ոչ այնքան նշաձողի իջեցում է, այլ տոնայնության և դիրքավորման փափկեցում․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է ապրիլի 13-ին կառավարության 2021 թ․-ի կատարողական զեկույցի քննարկմանը  Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի որոշ շեշտադրումների։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի միջազգային հանրությունը ՀՀ-ից պահանջում է Արցախի կարգավիճակի համար սահմանած նշաձողը իջեցնել, Աղաջանյանն ասաց․ «Խոսքը մի նշաձողի մասին է, որի շուրջ միջազգային հանրությունը առաջարկում է կոնսոլիդացնել վերջիններիս դիվանագիտական և քաղաքական պոտենցիալը՝ ի նպաստ Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման, և սա իրականում կարևորագույն հանգրվան է՝ հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում, ըստ էության, հայկական կողմը որևէ կերպ չի կարևորել կամ միգուցե կարևորել է, բայց քաղաքական կամք չի ցուցաբերել, այնուամենայնիվ, համաձեյնեցնել այն դիրքորոշումը կամ եթե կուզեք այն կարմիր գծերը միջազգային հանրության, հետևաբար և ամբողջ աշխարհի ընկալման հետ»։

30 տարի անց պատերազմ ունենալու պատճառներից մեկը, Աղաջանյանի խոսքով, այն էր, որ բանակցությունները մտել էին փակուղի՝  հաշվի առնելով, որ երկու կողմերը որևէ կերպ պատրաստ չէին իջեցնել այն նշաձողը, որը նախանշել էին դեռևս կոնֆլիկտի սկզբից։ «Հայաստանի պարագան, ի տարբերություն Ադրբեջանի, այս տարիների ընթացքում եղել է բանակցությունների բացասական կողմում այն առումով, որ, ըստ էության, հայկական կողմը եղել է դիվանագիտական լուսանցքում կամ դիվանագիտական մեկուսացման մեջ։ Սա նշանակում է, ըստ էության, որ այն հիմնարար խնդիրները և խնդրո առարկա հարցերի վերաբերյալ դիրքորոշումներում միջազգային հանրությունը, ըստ էության, ամբողջապես կիսում էր Ադրբեջանի դիրքորոշումները, մասնավորապես ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում ՝ նաև  ռեզուլյացիաներով, ՄԱԿ-ի 4 բանաձերը՝ որպես օրինակ»։

Աղաջանյանի խոսքով՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի ավելի հայանպաստ լուծում ստանալու համար պարտավոր են անել առավելագույնը, որպեսզի ՀՀ-ի դիրքորոշումները հնարավորինս ընկալելի և ընդունելի լինեն միջազգային հանրության համար․ «Եվ որպեսզի մենք վերջապես այդ դիվանագիտական մեկուսացումից դուրս գանք, որում եղել ենք վերջին գրեթե 30 տարիների ընթացքում այս կոնֆլիկտի համատեքստում։ Մենք համարում ենք, որ սա կարևորագույն լծակ է և կարևորագույն միջոց, որով հնարավորինս հայանպաստ լուծման կարելի է հասնել այս կոնֆլիկտի հանգուցալուծման համատեքստում»։

Դիտարկմանը, որ նախկինում կարգավիճակի հարց քննարկվել է, Աղաջանյանն ասաց․ «Ի պատասխան  Ադրբեջանի կողմից առաջարկված 5 կետանոց օրակարգային կետերի, որը հանդիսանում է առաջարկ կամ հիմք դրա հետագա խաղաղության բանակցությունների սկզբի դրման համար, ահա այդ 5 կետանոց առաջարկին հայկական կողմը լրացնող առաջարկ է ուղարկել Ադրբեջանին, որտեղ այդ թվում ներառված է Արցախի կարգավիճակի և Արցախի ժողովրդի իրավուքների իրացման հարցերը, հետևաբար մենք այս համատեքստում որևէ փոփոխության կամ առնվազն կտրուկ փոփոխությունների չենք գնում և Արցախի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում, այլ բան, թե կարգավիճակ թե իրավունքներ, որտեղ է առաջնահերթությունը»։

Էդուարդ Աղաջանյանը նաև Նիկոլ Փաշինյանի ելույթի ևս մի հատված հիշեցրեց․  «Կհիշեք, որ վարչապետի ԱԺ-ի վերջին եւլույթում արտահայտվեց հետևյալ միտքը, որ մենք պետք է կարգավիճակի առաջնահերթությունը փոխարինենք, ըստ էության, իրավունքների իրացման նպատակով։ Բովանդակությունն եմ ասում։ Իմ կողմից որպես դիտարկում այս ձևակերպմանը կարող եմ ասել հետևյալ, որ այս ձևակերպումը, ըստ էության, ամբողջությամբ արտացոլում և արտահայտում է այս տարիների ընթացքում բանակցությունների սեղանի շուրջ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որովհետև երբ մենք խոսում ենք Արցախյան հիմնախնդրի մասին և մշտապես շեշտում ենք, որ սա երբևէ տարածքային վեճ չի եղել և եղել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր։ Իմ ընկալումը բառիս բուն և ուղիղ իմաստով իջեցման մասին չէ, սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է եղել մշտապես»։

Աղաջանյանն ասաց՝  երբ խոսում են նշաձողի իջեցումից, սա թերևս ոչ թե և ոչ այնքան նշաձողի իջեցում է, այլ տոնայնության և դիրքավորման փափկեցում։ «Սա բովանդակային առումով գրեթե որևէ կերպ չի փոխում այն նպատակները, որոնք ՀՀ-ն ու հայ ժողովուրդը ունեցել է այս կոնֆլիկտի համատեքստում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել