Նախատեսվում է հստակեցնել տարկետում ստանալու համար գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը
16:09 - 22 ապրիլի, 2022

Նախատեսվում է հստակեցնել տարկետում ստանալու համար գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացներում մի շարք փոփոխություններ կկատարվեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց համապատասխան նախագիծը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ կառավարության՝ 2018 թ․ 451-Ն որոշմամբ քաղաքացիներին տարկետում տրամադրվել է կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումների համար՝ սահմանված հաշվարկի մեթոդաբանության համապատասխան: 2018 թ․ հաշվարկի մեթոդաբանությամբ միավոր է նախատեսված եղել նաև հարցազրույցի համար։ Նախատեսվել է, որ սահմանափակ թվով և բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիները ստանան տարկետում։ Այդ նպատակով գործել է նաև հանձնաժողով, որում ընդգրկված անդամները կիրականացնեն բացառիկ նվաճումների գնահատումը և հարցազրույցը: 

«Սակայն, 2018 թվականից սկսած, կարգի մեջ տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հարցազրույցի փուլ այլևս նախատեսված չէ, իսկ իրավակիրառ պրակտիկայում կիրառված մոտեցումները հանգեցրել են նրան, որ տարկետումից օգտվում են ոչ թե բացառիկ նվաճումներ ունեցող եզակի քաղաքացիներ, այլ հարյուրավոր ուսանողներ, որոնք պահանջվող նվաճումները ձեռք են բերում՝ շատ ժամանակ նաև ոչ գնահատելի և չափելի կրթա-գիտական գործունեության շնորհիվ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կոնկրետացնել նվաճումները և դրանք համարժեք գնահատականի արժանացնել: Այդ իսկ պատճառով էլ նախատեսվում է նվաճումների շրջանակը հստակեցնել, իսկ գնահատումը դարձնել հստակ և տեսանելի»,- նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է նաև, որ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանության օրը նշանակված է հայտարարված զորակոչի ընթացքում, կամ նրանք չեն ստացել գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը, զինվորական ծառայության կզորակչովնեն հաջորդ զորակոչի ընթացքում: 

«Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է ընդունելի վարկանիշավորման ցանկերի շրջանակը որպեսզի դիմող քաղաքացիների համար հստակ լինի, ինչպես նաև հետագայում այլ վարկանիշավորման ցանկեր ևս ավելանալու դեպքում տարընկալման խնդիր չառաջանա»,- նշում է կառավարությունը։:

Որոշման նախագծով սահմանված է, որ նախատեսվող փոփոխությունների մի մասը ուժի մեջ են մտնելու 2023 թվականի մարտի 1-ից, որ քաղաքացիները հնարավորություն և ժամանակ ունենան ուսումնառության ընթացքում ձեռք բերելու փոփոխություններով պահանջվող նվաճումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել