Քաղաքացին ուզում է իմանալ՝ դեռ ինչքա՞ն պետք է վճարի պարբերաբար բացակայող պատգամավորներին․ Լիլիթ Կիրակոսյանը դիմում-պահանջագիր հրապարակեց
18:00 - 03 մայիսի, 2022

Քաղաքացին ուզում է իմանալ՝ դեռ ինչքա՞ն պետք է վճարի պարբերաբար բացակայող պատգամավորներին․ Լիլիթ Կիրակոսյանը դիմում-պահանջագիր հրապարակեց

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ իրենց են փոխանցել դիմում-պահանջագիր, որը խնդրել են նաեւ հրապարակել։

Կիրակոսյանի խոսքով, այդ դիմումի առաջին կետն այն է, որ ՀՀ քաղաքացին ցանկանում է իմանալ, թե դեռ ինչքա՞ն պետք է վճարի այն պատգամավորներին եւ խմբակցություններին, ովքեր կոչված են իրենց գործունեությունով ծառայել ժողովրդին եւ պետությանը, սակայն պարբերաբար բացակայում են, անգամ խուսափում են Կառավարության հետ հարց ու պատասխանից, որը առաջին հերթին հանրության տեղեկացված լինելու համար։

Ընթերցելով դիմումի երկրորդ կետը՝ պատգամավորն ասաց․ «Մեր երկրում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27» ՝  մինչեւ վերջ չբացահայտված ահաբեկչություն, եւ այս պահին ԱԺ  երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները այդ ժամանակ եղել են ղեկավար պաշտոնում, հիմա նրանց ղեկավարած ուժի ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանը եւ Տիգրան Աբրահամյանը խոսում են, որ ունեն մեկ կրակոցի հնարավորություն կոնկրետ ուղղությամբ, եւ այն  ուղղած է Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքացիները ունեն խիստ անհանգստություն՝ նոր «Հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների հաջորդ պահանջը այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզ մեկնաբանի, թե ինչ է նշանակում հետեւյալ արտահայտությունը․ «Հայաստանում շարունակվում է Արցախի դրոշի հաղթարշավը»․ «Ցանկանում ենք իմանալ՝ հայերենում ընդունված հաղթարշավ բառը նա ճի՞շտ է ընկալում, որովհետեւ ըստ մեզ՝ Հայաստանն ու Արցախը կարող են համատեղ իրականացնել հաղթարշավ, սակայն բոլորովին այլ ուղղությամբ, եւ երկրորդ, Հայաստանը Արցախն օկուպացնողը չէ, որ նման հաղթարշավեր իրականացնի»,- ընթեթրցեց Կիրակոսյանը։

Չորրորդ կետի համաձայն՝ քաղաքացիները նշել են, որ 2020 թ նոյեմբերի 9-ից հետո հայտնի պատճառներով սրվեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, որը ծանր անդրադարձ ունեցավ ՀՀ քաղաքացիների հարաբերությունների վրա․ «Այս երկու խմբակցությունների որոշ ներկայացուցիչների կողմից եւ ներկայությամբ հնչել են հայ հանրությանը վիրավորող արտահայտություններ՝ թուրք, ժեխ ինչպես նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ եւ կրքերը վերջնական հանդարտեցնելու համար առ այսօր հավաքույթների լիդերների կողմից որեւէ կոչ, հայտարարություն եւ ներողության հայցման խոսք չի հնչել, ինչն էլ իր հերթին ստեղծում է արհեստական բաժանարար գծեր, որը նույնպես սպառնալիք է հասարակության անվտանգությանը եւ որակվում է որպես պառակտիչ գործունեության»։

Վերջին կետով էլ, ըստ պատգամավորի, քաղաքացիները պահանջել են, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հստակ պատասխանի՝ շարունակո՞ւմ է արդյոք 2021 թ նախընտրական քարոզարշավի ժամանակ իր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած «մաշեցնելու ենք մինչեւ քոքը» արտահայտության օրակարգը, որը բնութագրվում է որպես քայքայիչ գործունեություն, որն էլ իր հերթին ԱԱԾ տիրույթում պետք է որ լիներ։

Ամփոփելով Լիլիթ Կիրակոսյանը հայտնեց, որ քաղաքացիները խնդրել են իրենց գնահատականը ստեղծած իրավիճակի շուրջ․ «Ձեր բարձրացրած պահանջները լավագույնն են բնութագրում եւ ամբողջացնում եւ նաեւ կիսում մեր գնահատականը ձեր բոլորի կողմից հնչեցված եւ այս թղթում խմբագրված բոլոր կարծիքների հետ»,- ասաց նա։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել