armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։
«Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։
Ինչ վերաբերվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022 թվականի մարտի 31-ին Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
comment.count (0)