Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ
14:43 - 05 մայիսի, 2022

Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, անդրադառնալով հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ իրավիճակը լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողներից ոչ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլև բարձր աստիճանի զսպվածություն և ինքնահսկողություն։

«Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա- և ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլև ապահովել դրանց դրսևորման նորմալ, բանական և քաղաքակիրթ ձևերը։

Մասնագիտական ձեր պարտականությունն է՝ չբորբոքել դրանք և, ինչպես ասում են, յուղ չլցնել կրակին, այլ բոլոր հակասություններն ու վեճերը ուղղորդել դեպի քաղաքակիրթ ու բանական քննարկումներ, վերլուծություններ և բանավեճեր։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշտապես հանդես է եկել խոսքի ազատության և կարծիքների ազատ արտահայտման սկզբունքի պաշտպանության դիրքերից։ Սակայն դա չի նշանակում, որ այդ ազատությունները պետք է վերածել ապատեղեկատվության գործիքի, ատելության խոսքի, անձնական թշնամանքի կամ միմյանց սևացնելով ու վարկաբեկելով՝ իրար հետ հաշիվներ մաքրելու միջոցի։

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քաղաքական այս թոհուբոհում կարող են կողմնորոշվել հենց ձեր խոսքով, պահվածքով, բարեխղճությամբ։

Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում Հեռարձակողներին` ապահովել հրապարակված տեղեկության ճշգրտությունը, անկողմնակալությունն ու բազմակարծությունը, ցուցաբերել ազնվություն՝ տեղեկությունները հավաքելու մեթոդներում, բացառել սոցիալական կարգավիճակի, անձի կամ խմբի որևէ այլ հատկանիշի հիմքով խտրականությունը։

Հանձնաժողովը նաև հիշեցնում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողները պետք է հետևեն լիցենզիոն հայտով ստանձնած պարտավորություններին, որոնց խախտումները կարող են հանգեցնել օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել