Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը։ Վերջինս մի քանի օր է, ինչ տեղափոխվել է Երեւան, մինչ այդ նա դատավոր էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ մյուս դատավոր Արա Կուբանյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործով անցնող մյուս անձինք՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ դատավոր Գեւորգ Նարինյանը, տեղեկանալով քաղաքացիական գործերից մեկով անհատ ձեռներեց Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու գործընթացի մասին, նպատակ է ունեցել նրան պատկանող անշարժ գույքը՝ բնակարանը, ձեռք բերել հնարավորինս էժան գնով, ինչի համար իրենից որոշակի ծառայողական կախվածության մեջ գտնվող սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին դրդել է խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, իսկ նույն դատարանի իր մտերիմ դատավոր Արա Կուբանյանին՝ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործել, ինչի ընթացքում նրանց օժանդակել է նաեւ Նարինյանի ազգական Տիգրան Մարտիրոսյանը։ Արդյունքում, ըստ մեղադրանքի, կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ, որով Աղեկյանը պարտավորվել է իր կենցաղային իրերը դուրս բերել աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանից։ Դեռ երկու տարի առաջ դեպքի մասին հաղորդելիս ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ տուժած քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ դժգոհելով թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում իր ունեզրկման փաստից:
Հայտնի է, որ դատավորներ Նարինյանն ու Կուբանյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։
Լուսանկարում՝ Արա Կուբանյանը, աղբյուրը՝ helpcourt.am
Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Ջոն Հայրապետյանը կողմերին տեղեկացրեց զանգվածային լրատվության միջոցների ներկայության մասին՝ ճշտելով նրանց դիրքորոշումը նիստի տեսա եւ լուսանկարահանման վերաբերյալ։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը առարկություն չներկայացրեց, իսկ պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկեց տեսա եւ լուսանկարահանման դեմ։ Գործով տուժող ճանաչված քաղաքացի Սիմոն Աղեկյանն էլ հայտարարեց, որ ցանկանում է՝ լրատվամիջոցները նկարահանեն, եւ հանրությունը տեղյակ լինի այս դատավարության մասին։
Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց թույլատրել տեսա եւ լուսանկարահանել դատական նիստի առաջիկա 5 րոպեն միայն՝ պայմանով, որ ամբաստանյալները կադրում չերեւան։
Այնուհետեւ դատախազ Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց Գլխավոր դատախազի գրությունը, որով վերջինս լիազորում է իրեն այս գործով իրականացնել մեղադրանքի պաշտպանություն։ Լիազորագրի անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը։ Այսինքն՝ Արամ Արամյանը, ով ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն է, նախաքննության փուլում գործով ներգրավված չի եղել։ Պաշտպանական կողմը դատախազին բացարկի միջնորդության այսօր չներկայացրեց, միայն Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ որոշ հարցեր ճշտելուց հետո ներկայացնեն։ Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, Սահակյանը դարձյալ նշեց, որ այս պահին նման միջնորդություն չունեն։ Չունեին նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։
Անդրադառնալով ամբաստանյալներին՝ դատավորը ճշտեց նրանց ինքնությունը։ Ըստ այդմ, Գեւորգ Նարինյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, խնամքին ունի 2 երեխա, որոնցից մեկը՝ մինչեւ 14 տարեկան։ Արա Կուբանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, խնամքին ունի 2 ծնող եւ 3 անչափահաս երեխա։ Աշոտ Խաչատրյանը եւս ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, ունի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն։ Տիգրան Մարտիրոսյանն էլ ՀՀ քաղաքացի է, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, 3-րդ էլ ամռանն է լույս աշխարհ գալու։
Տուժող Սիմոն Աղեկյանի ինքնությունը ճշտելու համար դատարանն ընդմիջում հայտարարեց։ Բանն այն է, որ Աղեկյանի անձը հաստատող փաստաթուղթը նրա մոտ չէր, եւ նախագահող դատավորը ընդմիջման վրա ժամանակ չծախսելու համար նրան նույնականացնող տվյալների վերաբերյալ մի քանի հարց տվեց, որից հետո նաեւ պաշտպանական կողմից հետաքրքրվեց՝ նրանք ճանաչո՞ւմ են Աղեկյանին, արդյո՞ք նա այն նույն տուժողն է, որի հետ նախաքննության փուլում առերեսվել են։ Ամբաստանյալները, սակայն, հայտարարեցին, թե չեն առերեսվել եւ չեն ճանաչում։ Ի պատասխան՝ տուժող Աղեկյանը հայտնեց՝ ինքն առերեսվել է ե՛ւ Տիգրան Մարտիրոսյանի, ե՛ւ Աշոտ Խաչատրյանի հետ։ Դատավորը լրացուցիչ հարց հղեց նրանց՝ Քննչականում չե՞ն տեսել տուժողին, սակայն նրանք դարձյալ բացասական պատասխան տվեցին։ Վայրկյաններ անց, երբ նիստն արդեն ընդմիջվել էր, Աշոտ Խաչատրյանը, ամեն դեպքում, ասաց, որ ինքը ճանաչում է տուժողին։
Լուսանկարում՝ գործով տուժող Սիմոն Աղեկյանը
Նիստը վերսկսելուց հետո, երբ անձնագիրն արդեն ներկայացվել էր, նախագահող դատավորը հայտնեց, որ տուժող Սիմոն Աղեկյանը ավելի վաղ դիմում է ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ չունի իրավաբանական կրթություն եւ բավարար միջոցներ, որպեսզի փաստաբան վարձի։ Նա տուժողին պարզաբանեց՝ եթե բավարարում է համապատասխան չափանիշներին, կարող է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, եւ նրան փաստաբան կտրամադրվի պետության միջոցներին հաշվին։ Տուժողը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ բոլոր ամբաստանյալներն իրեն լավ ճանաչում են։
Ամբաստանյալների պաշտպանների ինքնությունը ճշտելուց հետո նախագահող դատավորը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը չէր մասնակցում նիստին երկրում չլինելու պատճառաբանությամբ, իսկ Խաչատրյանը առարկեց առանց նրա նիստը շարունակելու դեմ։ Տուժող Սիմոն Աղեկյանը դատարանին խնդրեց ստուգել՝ արդյո՞ք Պետրոսյանը իսկապես բացակայում է երկրից թե՞ ձեւականորեն չի ներկայանում (քանի որ իրեն հայտնի էին այլ փաստաբանների կողմից ձեւականորեն չներկայանալու դեպքեր), սակայն նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում՝ ընդգծելով, որ փաստաբանը ՀՀ-ում արտոնագրված անձ է։
Լուսանկարում՝ Գեւորգ Նարինյանը, աղբյուր՝ dataran.am
Նախքան նիստը հետաձգելը ամբաստանյալ Գեւորգ Նարինյանին դատավորը տեղեկացրեց, որ դատական քննություն նշանակելու որոշմամբ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը․ «Այն, ինչ Դուք բարձրաձայնեցիք, պարզ է, սակայն պարզ չեն դրա հիմքերն ու ընտրելու անհրաժեշտությունը »,- հայտարարեց Նարինյանը։
Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը հետաքրքրվեց՝ նման միջնորդությամբ դատախա՞զն է հանդես եկել, ինչին ի պատասխան՝ դատավորը հայտնեց, որ այդպիսի միջնորդություն չի եղել, ինքը սեփական նախաձեռնությամբ է խափանման միջոց ընտրել։ Դատավորը պարզաբանեց, որ ի թիվս այլնի, հաշվի է առել նաեւ Վերաքննիչ դատարանի նախկինում կայացրած այն որոշումը, որով վերջինս, թեեւ մերժել էր Նարինյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ առկա է վարույթին խոչընդոտելու հիմք․ «Եվ նյութերում չկա որեւէ տվյալ, որ դատական ակտն այդ մասով բողոքարկվել է, ուստի առկա է այդ մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ »,- նշեց նա։
Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ կարծիք հայտնեց, թե դատավորը իրավունք չուներ նման որոշում կայացնելու, եւ այն որակեց չպատճառաբանված․ «Գտնում ենք, որ դատարանը մեղադրողի ֆունկցիա է վերցրել՝ առանց դատախազի կողմից նման միջնորդություն ներկայացնելու խափանման միջոց ընտրելով, չլսելով մեր պաշտպանյալին եւ մեզ, ինչը, բնականաբար, պետք է արվեր»։ Սահակյանն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որին դատավորը հղում է արել, կայացվել է նախաքննության փուլում՝ մոտ մեկ ու կես տարի առաջ․ «Եվ եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը նման ռիսկ տեսել է, տեսել է նախաքննության ընթացքում՝ տարի ու կես առաջ, բայց նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան, եւ դատարանը այս փուլում նման որոշում կայացնելիս պիտի դա հաշվի առներ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ որոշումը ստանալուն պես կբողոքարկեն։ Նարինյանն էլ իր հերթին նշեց, որ օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել որեւէ ապացույց, որ ինքը կալանավորումից հետո որեւէ կերպ խոչընդոտած լինի գործի քննությանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 13-ին։
Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)