ՔՊ-ն ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը
12:50 - 06 մայիսի, 2022

ՔՊ-ն ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու հարցը․ Բադալյանը՝ ընդդիմությանը

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ, ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնցում վերադարձնելու տարբերակը»։ Ընդդիմությանը դիմելով՝ այս մասին այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ հիշեցնելով, որ ընդդիմադիրները այս օրերին հաճախ են տեղեկություններ տարածում, թե վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնում հեռանալու տարբերակներ է քննարկում․ «Մնացած տարբերակները քննարկելի չեն»,- ասաց նա:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման նպատակով։ Մտքերի փոխանակման փուլում, սակայն, Բադալյանը նախագծից չխոսեց։

Նա նախ հիշեցրեց, որ ընդդիմությունը հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 12-ին, պարալիզացնելու է Երեւան քաղաքը, եւ ասաց՝ քանի հարմար առիթ է, եւ բոլորը հավաքվել են մի տեղում, նրանց մի քանի հարց կհղի, որոնք շատ կարեւոր են, եւ որոնց պատասխանները հետաքրքրում են քաղաքացիներին․ «Երբ դուք մեկ տարի ութ ամիս բոլոր հնարավոր հարթակներից եւ ամբիոններից անընդհատ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել, աշխարհին ուզո՞ւմ եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չունի պատերազմ սանձազերծելու համար, ո՞րն է դրա նպատակը, խնդրում եմ հստակ պատասխանել, արդյո՞ք նպատակը այն է, որ վաղը հնարվորության դեպքում ասեք՝ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք՝ Շուշին ու Հադրութը հետ տվեք»։

Այնուհետեւ Բադալյանը հետաքրքրվեց՝ ինչպես են լինելու ընդդիմության հարաբերությունները հարեւանների հետ, բանակցելո՞ւ են թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս, ի՞նչ ֆորմատով, եթե այո, ապա ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Երրորդ հարցը հետեւյալն է․ ով է վարչապետի ձեր թեկնածուն, այսօր դուք անընդհատ խոսում եք այն մասին, որ Փաշինյանն ասել է, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ ՀՀ-ն չի ունենա վարչապետ, եւ փորձում եք տարբեր ձեւերով մանիպուլացնել այս արտահայտությունը, ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու, հնարավո՞ր է արդյոք, որ ձեր ենթադրյալ հաղթանակի դեպքում ՀՀ-ն իսկապես չունենա»։

Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ է լինելու Արցախի հետ եւ խնդրեց այդ հարցին շատ հստակ պատասխանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել