Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներն ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն. Սերգեյ Կոպիրկին
12:11 - 31 դեկտեմբերի, 2021

Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներն ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն. Սերգեյ Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Թանկագին ընկերներ,
 
Թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով:
Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի:
 
Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են: Ռուսաստանը առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար։
 
Չնայած բոլոր դժվարություններին՝ նախորդ տարի շարունակել են ակտիվորեն զարգանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների ելքը մինչպանդեմիայի մակարդակ։ Խորացվել են նաև հումանիտար կապերը, այդ թվում՝ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:
Մարդկանց միջև կապերն ավելի են ամրապնդվել: Փոխգործակցությունը բոլոր մակարդակներում առանձնացել է ակտիվ բովանդակային բարձր աստիճանով, կառուցվել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։ Վստահ եմ, որ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև 2022 թվականին:
 
Գալիք տարին հատկանշական է՝ մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Մենք միասին անցել ենք մեծ ճանապարհ: Դեռ անելիքներ շատ ունենք: Հավատացած եմ, որ մեր դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով:
 
Թանկագին ընկերներ,
 
Ամանորյա տոնի կախարդանքը փոխակերպում է աշխարհը, մարդկանց մեջ բացահայտում լավագույն հատկանիշները: Յուրաքանչյուր ընտանիք ունի Ամանորը դիմավորելու իր ավանդույթները, բայց բոլորին միավորում է միմյանց հանդեպ բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտը։ Թող սերը և փոխըմբռնումը չլքեն ձեր ընտանիքները, համախմբեն սերունդներին և օգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն։
 
Նոր տարին արդեն թակում է բոլորիս դռները: Մաղթենք միմյանց առողջություն, համբերություն և տոկունություն, ինչպես նաև մարդկային հասարակ երջանկություն: Իսկ մեր երկրներին՝ խաղաղություն և բարգավաճում:
 
Շնորհավո՛ր Նոր տարի»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել