Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը
00:47 - 14 մայիսի, 2022

Դատախազը հրապարակեց դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործով մեղադրական եզրակացությունը

ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն այսօր հայտարարեցին, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչում են իրենք մեղադրվում։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ սկսվեց նրանց եւ եւս երկու անձի վերաբերյալ գործի դատաքննության փուլը։

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչ արարքներ են մեղսագրվում ամբաստանյալներին։ Ըստ այդմ, Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, նպատակ ունենալով հնարավորինս էժան գնով ձեռք բերել նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի վարույթում քննվող գործերից մեկով սնանկ ճանաչված քաղաքացու՝ Սիմոն Աղեկյանի անշարժ գույքը, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է այդ գործով սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը եւ խոչընդոտել գույքի իրացման բնականոն գործընթացը։ 

Խոսքը Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի վրա գտնվող բնակարանը ձեռք բերելու մասին է, որը դրված է եղել աճուրդի։ 

Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում Աշոտ Խաչատրյանը, 2018-2019 թթ. ընթացքում  չարամտորեն խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, եւ հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, ինչի հետեւանքով աճուրդները չեն կայացել, բնակարանի մեկնարկային գինն էլ արհեստականորեն նվազեցվել է՝ 26 մլն 400 հզ դրամից դառնալով շուրջ 12 մլն 382 հզ դրամ։ Դրանից հետո արդեն, ըստ մեղադրանքի, Նարինյանն այդ գործընթացում ներգրավել է իր մորաքրոջ որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին՝ տրամադրելով նրան անհրաժեշտ միջոցներ, եւ Մարտիրոսյանը, մասնակցելով աճուրդին, բնակարանը ձեռք է բերել արդեն իջեցված գնով։ Սակայն մեղադրական եզրակացության համաձայն՝ Մարտիրոսյանը հանդիսացել է ձեւական գնորդ, եւ թեեւ սեփականության իրավունքը գրանցվել է նրա անունով, բնակարանը փաստացի պատկանել է Նարինյանին։

Դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ նույն ժամանակահատվածում տվյալ սնանկության գործը վարող դատավոր Արա Կուբանյանը, տեղեկացված լինելով Նարինյանի եւ Խաչատրյանի այդ գործողություններից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, որեւէ միջոց չի ձեռնարկել հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ 

Այնուհետեւ նպատակ ունենալով վերացնել բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները, մասնավորապես՝ իրականացնել նշված հասցեում բնակվող անձանց վտարումն ու առկա գույքի հարկադրաբար դուրսբերումը՝ Արա Կուբանյանը  սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին 2020 թ փետրվարի 6-ին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանից ետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրենց՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար։

Արդյունքում, դիմումը տալու նույն օրը՝ փետրվարի 6-ին, կայացվել է դատական ակտ, որում, սակայն, որպես  կայացման ամսաթիվ նշվել է փետրվարի 4-ը․ «Այնուհետեւ, կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտի հիման վրա 2020 թ փետրվարի 6-ին Արա Կուբանյանի կողմից տրվել է կատարողական թերթ, աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույքի կենցաղային իրերը, շարժական գույքը դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ»- ընթերցեց դատախազը՝ նշելով, որ այդ գործողությունների հետեւանքով խաթարվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ՝ սնանկ ճանաչված անձի եւ այդ հասցեում բնակվող մյուս համասեփականատերերի օրինական շահերը։

Այսինքն՝ դատավոր Արա Կուբանյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, Տիգրան Մարտիրոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։

Շարունակելով իր ելույթը՝ դատախազը հայտնեց, որ նշվածից բացի, Գեւորգ Նարինյանը, հանդիսանալով հայտարարատու անձ եւ պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ներկայացնել ճշգրտիր հաշվետվություններ, 2017-2020 թթ ընթացքում 100 հզ ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, ինչը գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով․ «Դրանից բացի, նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերում Նարինյանը թաքցրել եւ չի ներառել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները եւ գույքի նկատմամբ իրավունքը»,- ասաց Արամյանը։

Վերջինիս խոսքով՝ նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա դրամական միջոցների հանցավոր ծագումը՝ Նարինյանը Վարչական դատարանի դատավոր, իրեն մտերիմ Անի Հարությունյանի հետ կազմել է 2020 հունիսի 4-ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձեւական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, եւ վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։

Այսինքն՝ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու մեջ։

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ հասկանալի՞ է առաջադրված մեղադրանքը, եւ արդյո՞ք նրանք իրենց մեղավոր են ճանաչում։

Ամբաստանյալ Գեւորգ Նարինյանն ասաց, որ իրեն բացարձակ անհասկանալի է, եւ խնդրեց տեւական ժամանակով հետաձգել դատական նիստը, որպեսզի իրենք մեղադրողի համար հարցեր նախապատրաստեն՝ գոնե դրանց միջոցով հասկանալու համար մեղադրանքի էությունը։

Դատավորը նախ նշեց, որ ամբաստանյալը մեղադրանքի պարզաբանման առումով դատախազին հարցեր տալու իրավունք չունի, ապա հիշեցրեց, որ երբ նախորդ դատական նիստին ինքը հարցրեց՝ Նարինյանը ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, վերջինս դրական պատասխան տվեց, ուստի նա ունեցել է ժամանակ դրան ծանոթանալու եւ պատրաստվելու համար։

Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք չեն պատկերացրել, որ այսքան արագ կանցնեն դատաքննության փուլին՝ հաշվի առնելով դատական նիստի բազմանդամ լինելը։ Պաշտպանը նաեւ նշեց, որ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանումը դատարանի վրա է դնում, սակայն իրենք այն համոզմանն են, որ մեղադրանքը պարզաբանելով՝ դատարանը մեղադրողի դեր կստանձնի, ուստի դա պետք է հենց մեղադրող դատախազն անի, ինչը որ, ըստ նրա, պրակտիկայում արվում է․ «Մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է հենց մեղադրանքը պարզաբանելուց, եթե մեղադրողը հրաժարվում է պարզաբանելուց, ուրեմն հրաժարվում է մեղադրանքից»,- ասաց նա։

Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը, սակայն, նշեց, որ մեղադրանքի էության վերաբերյալ մեղադրողից պարզաբանում ստանալու դատավարական կարգ չկա։ Նա նաեւ ընդգծեց, որ մեղադրանքի պարզ չլինելը եւ անորոշ լինելը տարբեր բաներ են․ պարզ չլինելը նշանակում է, որ անձը չի հասկանում, թե ինչ է գրված, ինչու է հենց այդ հոդվածն ընտրված, իսկ մեղադրանքի անորոշությունը, որի մասին, ըստ դատավորի, պաշտպանական կողմը խոսում է, նշանակում է, որ մեղադրանքում գրվածն ու ընտրված հոդվածը իրար չեն համապատասխանում․ «Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքը անորոշ է, ապա անորոշ մեղադրանքը հանգեցնում է արդարացման դատական ակտի, բայց դատարանը այս փուլում մեղադրանքի անորոշությունը չի ստուգում, դրա հետ կապված Ձեր դիրքորոշումները Դուք կարող եք ամեն ապացույցի հետազոտումից հետո անել»,- ասաց նա՝ խնդրելով Նարինյանին հայտնել՝ ընթերցված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է․ «Եթե ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, ես չեմ կարող բարձրաձայնել իմ մեղավորության կամ անմեղության մասին»,- պատասխանեց Նարինյանը։

Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է նախաքննության փուլում հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, արձագանքեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ասելով, որ Նարինյանը նշել է, որ առհասարակ հանցագործություն չի կատարել։

Տեւական ժամանակ այս հարցի քննարկումը շարունակվեց, ինչից հետո ի վերջո դատավորն ընթերցեց Նարինյանին մեղսագրվող անօրինական արարքները եւ արձանագրեց, որ նա հրաժարվում է հայտնել՝ իրեն մեղավոր ճանաչում է թե ոչ։

Ամբաստանյալ Արա Կուբանյանը եւս հայտնեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչում են իրեն մեղադրում․ «Այստեղ մեղադրանք չկա, եւ իրավաբանական որակումն էլ սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ հույս ուներ, թե մեղադրողը կհրաժարվի այս մեղադրանքից։

Այնուհանդերձ, դատավորի հարցին ի պատասխան՝ Կուբանյանը նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հոդվածն ինքնին հասկանալի է, բայց իրենք ուզում են հասկանալ, թե այդ հոդվածի շրջանակում Կուբանյանը կոնկրետ ինչ գործողություն կամ անգործություն է արել․ «Սա սովորական քրեական գործ է, բայց անսովոր է այնքանով, որ երկու դատավոր են ամբաստանյալի աթոռին, եւ իրավաբանական պրոֆեսիոնալիզմն այստեղ ավելի բարձր պետք է լինի, եւ եթե մենք մեղադրանքի կողմի հետ գտնվում ենք մրցակցության մեջ, ապա մեղադրանքի կողմն է  պարտավոր բացահայտել դա»։

Կուբանյանի մյուս պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, թե Գլխավոր դատախազը կատարել է գործողություն, որի լիազորությունը չուներ․ «Ո՞վ է իրավունք վերապահել նրանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտը անվանել «կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտ», մենք նման դատական ակտ չունենք, ցանկացած ակտ, քանի դեռ վերացված կամ փոփոխված չէ, օրենքի ուժ ունի»,- ընդգծեց նա։

Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը եւս հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ չէ, եւ անհասկանալի է, թե ինքն ինչ գործողություն չի կատարել, որը պարտավոր էր կատարել, եւ ինչ գործողություն կամ անգործություն է կատարել, որը չպետք է կատարեր։

Դատավորի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքում նշված չէ, թե Խաչատրյանը, հրապարակային սակարգության կարգն իբր խախտելով, ում է խաբել, ում է վախեցրել, ովքեր են եղել այդ հնարավոր գնորդները։ Անդրադառնալով այն ձեւակերպմանը, թե Խաչատրյանը ի պաշտոնե կախվածության մեջ է եղել Նարինյանից՝ պաշտպանն ասաց, որ այդ կախվածությունը վերացական է, եւ նրանց միջեւ եղել են սոսկ դատավոր-սնանկության կառավարիչ հարաբերություններ․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 244 դատավոր կա, հիմա պիտի համարենք, որ ինչքան սնանկության կառավարիչ կա, բոլորը կախվածության մե՞ջ են այդ 244 դատավորներից»,- ասաց նա։

Խաչատրյանի մյուս պաշտպան Խաչատուր Ղանդիլյանն էլ ընդգծեց, որ նշված չէ, թե իր պաշտպանյալը հրապարակային սակարգությունների անցկացման կարգի կոնկրետ որ կանոնն է խախտել։ Անդրադառնալով աճուրդի մեկնարկային գինը ձեւականորեն իջեցնելու ձեւակերպմանը՝ նա ասաց․ «Օրենքով սահմանված դրույթները կիրառելով՝ մենք կարող ենք ապացուցել, որ 26 միլիոնից 13 միլիոն հասցնելով, ոչ թե արհեստական նվազեցվել է, այլ բացի նրանից, որ Խաչատրյանը գործել է օրենքով սահմանված կարգով, նաեւ կարող էր էլ ավելի նվազել՝ ընդհուպ հասցնելով շուրջ 3 միլիոնի»։

Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը,  դատավորի հարցին ի պատասխան, հրաժարվեց մեղադրանքի հասկանալի լինել-չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ առայժմ չցանկանալով նշել նաեւ՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը թե՞ ոչ։ Նա միայն հայտարարեց, որ դատավոր Արա Կուբանյանին առաջին անգամ է տեսնում։

Այնուհետեւ քննարկվեց ապացույցների հետազոտման հաջորդականության հարցը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց նախ հետազոտել գործում առկա նյութերն ու իրեղեն ապացույցները, ապա հարցաքննել տուժողին, որից հետո՝ վկաներին, եւ վերջում միայն՝ ամբաստանյալներին։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ դատախազ Արամ Արամյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել