Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը |armenpress.am|
12:44 - 19 մայիսի, 2022

Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Գալյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի եւ գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:

«Պետք է նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»,- հավելեց Գալյանը։

Նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը ընդլայնել և դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։

Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ որոշակի խումբ անձանց նկատմամբ։ 

«Խոսքը կրկին պաշտոնատար անձանց մասին է, և «պաշտոնատար անձ» ասելով օրենքի իմաստով պետք է հասկանալ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց»,- հստակեցրեց Գալյանը:

Հաշվի առնելով այն, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, ինչպես նաև կարող են ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը, առաջարկվում է հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարի՝ 2 տարվա փոխարեն, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա։

«Որոշակի ուսումնասիրություններ իրենց բովանդակությամբ բավականին բարդ են, բազմադրվագ, պարունակում են, օրինակ՝ 40-50 անուն անշարժ գույք, 10-20 իրավաբանական անձինք, փոխկապակցված բազմաթիվ անձինք, և այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ավելի ողջամիտ է ուսումնասիրության ժամկետը նախատեսել 2-ի փոխարեն 3 տարի։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ բոլոր առկա ուսումնասիրություններով այդ ժամկետը մեխանիկորեն դառնալու է 3 տարի։ Ոչ, մենք ուսումնասիրությունները շարունակելու ենք և ավարտելու ենք, շատ ուսումնասիրություններ՝ մոտ ապագայում»,- շեշտեց Գալյանը։

Առաջարկվում է նաև մեկ բովանդակային փոփոխություն ևս կատարել, ըստ որի վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն պետք է ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռք բերման արժեքի չափով գումար։

«Խոսքը ոչ բոլոր դեպքերի մասին է, այլ միայն այն դեպքերի, երբ այդ շուկայական արժեքի պարզումը կլինի անհնար։ Անհնարինության հանգամանքը վարույթ իրականացնող մարմինն ինքը չի կարող որոշել, այլ այդ մասին պետք է փաստի պատշաճ գիտելիքներ ունեցող փորձագետը։ Նախատեսվում է նաև, որ գույքի՝ արտասահմանում գտնվելու հանգամանքի պատճառով, երբ իրավասու մարմինը զրկված կլինի շուկայական արժեքը պարզելու հնարավորությունից, կարողանա պահանջել անձից ոչ թե այդ գույքի կամ դրա շուկայական արժեքը, այլ ձեռքբերման արժեքը, այսինքն՝ պայմանագրային արժեքը, եթե այդպիսին հայտնի է։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունը կողմին չի զրկում համապատասխան գույքի շուկայական արժեքը ներկայացնելու իրավունքից»,- հստակեցրեց Գալյանը։

Նախագծով առաջարկվում է նաև տեխնիկական փոփոխություններ իրականացնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել