ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը
18:31 - 09 հունիսի, 2022

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

Նախագծով,  մասնավորապես առաջարկվում է փոփոխել «պաշտոնատար անձ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, ինչպես նաև ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը: 

«Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային ծառայության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք: Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն՝ սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»,-նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։ 

Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել ուսումնասիրության ժամկետը  և 2 տարվա փոխարեն նախատեսել 3 տարի՝ որպես հնարավորություն իրավասու մարմնի համար, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով կատարել բոլոր ուսումնասիրությունները և իրականացնել արդյունավետ քննություն:

Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 0 դեմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել