Բրիտանական իշխանությունը Ռուսաստանին չի դիմել ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված երկու բրիտանացիների հարցով, քանի որ ՌԴ-ն կապ չունի կայացված վճռի հետ, կարծում է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի լսել Մեծ Բրտանիայի իշխանության դիրքորոշումն այս հարցում, հայտնում է «Կոմրսանտը»։
«Պետք է դիմել այն երկրին, որը կայացրել է վճիռը, դա Ռուսաստանը չէ։ Իհարկե, ամեն ինչ կախված է Լոնդոնի դիմելուց։ Եվ ես վստահ եմ, որ ռուսական կողմը պատրաստ կլինի լսել նրան»,— ասել է Պեսկովը։
Հունիսի 9-ին ինքնահռչակ ԴԺՀ դատարանը մահապատժի է դատապարտել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փիներին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Բրահիմ Սաադունին, որոնք Ուկրաինայի կողմից մասնակցել են պատերազմին։ Նրանք մեղավոր են ճանաչվել «վարձկանության, իշխանության բռնազավթման, մի խումբ անձանց կողմից հանցագործության կատարման և ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով պատրաստություն անցնելու» համար։
Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը, բրիտանական կողմը մահապատժի ենթարկվածներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների հարցում նախապատվությունը տալիս է Ուկրաինային, այլ ոչ թե Ռուսաստանին, որի հետ Մեծ Բրիտանիան «կանոնավոր փոխգործակցություն չունի»։ Այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թագավորության քաղաքացիները խուսափեն գնդակահարությունից։
Նորա Վանյան
comment.count (0)