azatutyun.am: Երևանում այսօր «Ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության» բողոքի երթ անցկացրին «Դիմադրություն» շարժման մասնակիցները։
Երթի մասնակիցները շղթայված Սահմանդրությունը տարան բարձր դատարանի մոտ՝ այնտեղ թողնելով նաև բազմաթիվ գրիչներ, որոնք, ինչպես իրենք հայտարարեցին, ոտնահարված Սահմանադրության խորհրդանիշն են։ Ընդդիմադիրները պարզել էին «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» և այլ գրություններով պաստառներ։
Պատգամավոր Արամ Վարդևանյանը («Հայաստան») իր ելույթում պնդեց, որ վերջին տարիներին բարեփոխման անվան տակ Սահմանադրական դատարանի դեմ քայլեր են արվել. - «Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից, մեզանից պաշտպանում են Սահմանադրական դատարանը ոստիկանական ուժերով, էկել-շրջափակել էին էս դատարանը։ Հենց իրե'նք։ Պատկերացնո՞ւմ եք, օրվա իշխանությունը գա, շրջափակի Սահմանադրական դատարանը։ Որ դատավորները մուտք չգործեն։ Էդ օրվանից արդեն ջրբաժան ա էղել Սահմանադրության ու իշխանության միջև։ Սահմանադրությունը էս իրավիճակում, էս իրականությունում պաշտպանելը լինելու ա միայն պայքարի միջոցով։ Միա'յն պայքարի միջոցով։ Դրա համար բռունցքներս բա'րձր... Պայքա'ր, պայքա'ր»։
Ապա երթի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը («Հայաստան») հայտարարեց, որ նախագահ Վահագն Խաչատրյանը ոչ թե Սահմանադրության, այլ այս իշխանությունների պաշտպանն է. - «Նրա միակ առաքելությունը լռելն է։ Ուրիշ բան չունի անելու։ Եվ բացառապես պահելու ՔՊ խմբակի շահերը։ Առհասարակ պառլամենտական երկրում ինստիտուտը նախագահական անարգվել է»։
Լուսանկարը՝ Photolure-ի
comment.count (0)