Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով․ Փամբուխչյան
12:35 - 14 հուլիսի, 2022

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով․ Փամբուխչյան

Քանի որ հիմա ահազանգեր կան, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենալու, շատ կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք հրդեհներից խուսափելու համար։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ ամենակարևոր, առաջին գործոնը մեր հարգելի և սիրելի քաղաքացիների մոտեցումն է, և բնության գրկում որոշակի վարքագիծը։ Պիտի խնդրենք հակահրդեհային կանոնները խստիվ պահպանել, հատկապես ուզում եմ ընդգծել, որ ապակե տարաներ թողնելը ամենավտանգավոր բանն է, որովհետև արևից  անդրադարձով հրդեհ է բռնկվում։ Մեր հաջորդ խնդիրը հետևյալն է, որ ԱԻՆ-ը նախ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի, երկրորդն էլ պատրաստ լինի օպերատիվ արձագանքել եղած դեպքերին»։

Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի երկու ուղղաթիռ են ձեռք բերել, որոնք հնարավորություն են տալիս հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել։ Վարչապետը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց համոզվել, որ այդ ուղղաթիռները գործունակ են։
 
Փամբուխչյանն էլ հայտնեց՝ երեկ ԱԻՆ-ում հրատապ նիստ է հրավիրվել, քննարկվել է ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված վիճակը։ Նախարարը հայտնեց, որ այս պայմաններում կաշխատեն մի փոքր այլ՝ ուժեղացված ռեժիմով։ «Ուղղաթիռների հետ կապված՝ մայիսին տեղի է ունեցել վերջին վարժանքը, այն ամբողջությամբ իրականացված է, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսների տեղերը. հստակ, ուղղաթիռին կարող ենք տալ կոորդինատը, թե որտեղից կարելի է ջուր վերցնել։

Մեր մարզային վարչության բոլոր ղեկավարները երեկ և այսօր էլ կլինեն հանգստյան գոտիներում, զրուցելով դրանց սեփականատերերի հետ, նաև այլ անտառային տարածքներում համագործակցելով ՇՄՆ համապատասխան աշխատակիցների հետ, որտեղ կա մարդկային գործոն, քաղաքացու մուտք, այնտեղ քաղաքացիներին կհորդորվի և կպահանջվի պահպանել հակահրդեհային կանոնները»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել