ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|
19:27 - 14 հուլիսի, 2022

ՔՊ-ն որոշել է ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել. Ռուբինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով չդիմել Սահմանադրական դատարան:  Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում` ԱԺ խորհրդի նիստից հետո, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն էր:

Ռուբինյանը նախ հայտնեց, որ քանի որ այն պատգամավորները, ում վերաբերում էր քննարկումը, չէին ներկայացել, ըստ կանոնակարգի, քննարկումը տեղափոխվում է 1 շաբաթ անց:

Իսկ ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության որոշմանը՝ Ռուբինյանն ասաց. «Որոշումը հետևյալն է՝ նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ ՍԴ միջնորդությամբ չենք դիմելու»:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառներ կան: Նրա խոսքով՝ նախ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ իրենց ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ որոշ հանձնաժողովների և ընդհանրապես ԱԺ աշխատանքների կազմակերպման համար առաջացած խնդիրը կարելի է համարել լուծված:

«Մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում նաև հարգանքը առ ժողովրդի տված քվեն: Մենք հարգում ենք ողջ ժողովրդի տված քվեն, ժողովուրդն իր քվեով ձևավորվել է մեծամասնություն և փոքրամասնություն: Մենք հարգում ենք այդ քվեն, և կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձևը, վարվելակերպը և փիլիսոփայությունն առաջին հերթին հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի: Կարծում եմ՝ մեր ժողովրդի այն հատվածը, որը քվե է տվել իրենց, համապատասխան հետևություններ կանի հաջորդ ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը:

Այսպիսով՝ ըստ ԱԺ փոխնախագահի՝ՍԴ չդիմելու որոշման առաջին պատճառը ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքն է:

«Երկրորդն այն է, որ կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն և համերաշխություն: Եվ վերջինը՝ մենք կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, թե մենք պետք է դիմենք ՍԴ և նրանց փախուստի «փրկօղակ» նետենք ԱԺ-ից, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պետք է նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն, ինչ ուզել ենք ասել, ուզում ենք ասել և ասում ենք»,-ասաց Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց, որ ՔՊ խմբակցությունը չի մանդատներից զրկելու հարցը օրակարգ բերել, կա ընթացակարգ՝ երբ պատգամավորների բացակայության շեմը հատվում է, ավտոմատ կերպով հարցը մտնում է խորհրդի քննարկման տիրույթ:

Եթե հաջորդ նստաշրջանում ևս ընդդիմադիրները չգան խորհրդարան, ապա Ռուբինյանն ասաց, որ դա կնշանակի, որ այդ նստաշրջանում նույնպես կծագի իրենց բացակայությունների հիմքով ՍԴ դիմել-չդիմելու հարց և իրենք կքննարկեն: «Եթե խմբակցությունը կամ խմբակցության պատգամավորները շարունակաբար որոշում են չգալ և վերահաստատում են իրենց հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ,  այդ առումով գուցե մեզ մոտ այլ քննարկումներ ծավալվեն այդ թեմայով»,-ասաց նա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել