Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

 |armenpress.am|
14:14 - 18 օգոստոսի, 2022

Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում |armenpress.am|

armenpress.am: Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ  ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:

«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել է: Դա գործընթացի նախաձեռնման կամք է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի: Մինչեւ այժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում է Milliyet թերթը, հաղորդել է Ռիա Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել