factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան ձևաչափով արտաքին գործերի, առևտրի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման բացմանն ունեցած ելությում ասել է, որ նման հանդիպումները հարմար հարթակ են այն նախագծերին անդրադառնալու համար, որոնք կզարգացնեն հին Թուրքեստանի, Կովկասի և Անատոլիայի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը, և որ ռազմավարական համագործակցության մեխանիզմները, որոնք նպաստում են ընդհանուր աշխարհագրության զարգացմանն ու բարգավաճմանը, ավելի քան երբևէ անհրաժեշտ են։
Անադոլուի փոխանցմամբ՝ Ֆիդանը նաև նշել է, որ միջազգային համակարգն ի վիճակի չէ ստեղծել խաղաղություն, կայունություն և արդարություն աշխարհի մեծ մասի համար, գլոբալ լարվածությունն աճում է, իսկ բազմակողմանիությունն ու համամարդկային արժեքները քայքայվում են։ «Մենք խաղաղություն, բարգավաճում և կայունություն ենք ապահովում մեր տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է թուրք պաշտոնյան։
Նա նշել է, որ մատակարարման շղթայի խափանումներն ու հակամարտությունները, որոնք բռնկվել են տարածաշրջանում համաշխարհային համավարակից հետո, սասանել են համաշխարհային համակարգի հիմնարար հիմքերը։
«Այս բոլոր փորձությունները ցույց են տվել, որ Կենտրոնական Ասիան, Կասպից ծովը, Կովկասը և Թուրքիան, այսինքն՝ Միջին միջանցքը, Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի ամենահուսալի և տնտեսական ճանապարհն են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ պատժամիջոցների և հակապատժամիջոցների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը մեծացրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը և Թուրքիային ավելի է առանձնացրել որպես էներգետիկ կենտրոն։
comment.count (0)