Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն այն աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են պատերազմից հետո տեղահանված քաղաքացիները
16:10 - 20 օգոստոսի, 2022

Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչները կօգտվեն այն աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են պատերազմից հետո տեղահանված քաղաքացիները

Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչների տարհանումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության գործընկեր կազմակերպությունների միջոցով՝ նրանց տրամադրելով գումար, որպեսզի կարողանան տեղափոխել իրերը։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարությունից, սակայն, չեն մանրամասնել, թե որքան գումար է տրվում յուրաքանչյուր անձի կամ ընտանիքի տեղափոխման համար, քանի որ այն իրականացվում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, և գումարի չափի վերաբերյալ ՏԿԵ նախարարությունը հստակ տեղեկություն չունի։ 

Տեղահանվող բնակիչներին տրվել է միանվագ 250.000 դրամ աջակցություն։ Աղավնոյի, Բերձորի և Ներքին Սուսի բնակիչները օգտվելու են այն բոլոր աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչները։ 

Հարցին, թե արդյոք ժամանակավոր կացարաններով ապահովվելու են նշված բնակավայրերի բնակիչները, նախարարությունից տեղեկացրել են, որ բնակիչներին տրվել է բնակվարձի փոխհատուցում այն ծրագրի շրջանակում, որից օգտվում են պատերազմից հետո տեղահանված մյուս բնակիչները։ Խոսքը Արցախի Հանրապետութան բնակարանային կոմիտեի ամսական յուրաքանչյուր տեղահանված անձի համար 40.000 դրամ բնակվարձի փոխհատուցման մասին է։

Նախարարությունից հայտնել են նաև, որ Աղավնոյից, Բերձորից և Ներքին Սուսից Արցախ և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կապահովվեն մշտական բնակարաններով, ինչպես պատերազմից հետո տեղահանվածները։ Նշենք, որ տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու համար Արցախի կառավարությունը պատերազմից հետո բնակելի շենքերի կառուցման աշխատանքներ է սկսել, իսկ ՀՀ կառավարությունը հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պետությունը իրականացնում է մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջնական տեղեկություն չունի, թե Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղահանված բնակիչներից քանիսն են շարունակելու ապրել Արցախում և քանիսն են բնակվելու Հայաստանում։ «Մեզ համար ցանկալի տարբերակ այն կլինի, որ բոլոր բնակիչները տեղափոխվեն Արցախ»,-հայտնել են նախարարությունից։

Օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի համայնքապետերին հայտնել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց բնակավայրերը։ 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել