«Ցանկանում ենք կառուցել մեր ապագայի նախատիպը ու խթանել մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը»․ Նոյեմբերյանում կայացավ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը
19:12 - 21 օգոստոսի, 2022

«Ցանկանում ենք կառուցել մեր ապագայի նախատիպը ու խթանել մարզերում ՏՏ ոլորտի զարգացումը»․ Նոյեմբերյանում կայացավ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը

14-ամյա Հայկը Տավուշի մարզի Չինարի գյուղից է․ նա ուզում է ծրագրավորող դառնալ ու ապրել իր մարզում։ 

18-ամյա Մերին Արցախի Մարտակերտ քաղաքից է, հասցրել է իր ընկերների հետ Մարտակերտում մի քանի նախաձեռնություններ իրականացնել, Երևանում ուսումն ավարտելուց հետո էլ պատրաստվում է վերադառնալ այնտեղ:

Լիլին, Մանվելը, Մանուշակը Լոռու մարզի Օձունից են։ Նրանք ասում են՝ իրենց գյուղում կրթվելու ու զարգանալու բոլոր պայմանները կան, բայց ժամանցային վայրեր չունեն, դրա համար էլ որոշել են սրճարան բացել, որտեղ կհամատեղվեն կրթությունն ու ժամանցը, կլինեն գրադարան ու կինոսենյակ։

Վազգենը Տավուշի Աչաջուր գյուղից է, հաճախում է  Իջևանի  «Արմաթ» լաբորատորիա։ Նա ասում է՝ իր համայնքում հասակիցների հետ կիսվում է փորձով ու գիտելիքներով, որ մոտիվացնի նրանց։

Այս բոլոր պատանիներին ու երիտասարդներին օգոստոսի 20-ին ու 21-ին Նոյեմբերյանում միավորել էր «Ապագայի նախատիպը» կոնֆերանսը։ Կոնֆերանսը կազմակերպել էր «Protolab» ստարտափի թիմը ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առթիվ։


«Protolab»-ի թիմի մի մասը

«Protolab»-ը ստեղծելու գաղափարն առաջացել էր մի քանի տարի առաջ, իսկ ստարտափը հիմնադրվեց 2021-ի օգոստոսին։ Նոյեմբերյանի «Արմաթ» լաբորատորիայի չորս սաներ իրենց բնակավայրում ստեղծեցին 3D տպագրությամբ զբաղվող «Protolab»-ը։ Այսօր թիմում արդեն կա 8 հոգի, և նոր անդամները ոչ միայն Նոյեմբերյանից են, այլ նաև Լոռուց, Արագածոտնից, Արցախից։

«Protolab»-ի նախագծերի ղեկավար Մերի Գիշյանն ասում է՝ իրենց համար կարևոր նշանակություն ունեն կրթվելն ու ինքնակրթվելը, դրա համար էլ ցանկանում են իրենց իմացածը փոխանցել տարբեր մարզերի պատանիներին։


Ձախից երրորդը՝ Մերին

Հենց այդպես էլ նրանց թիմը որոշեց հիմնադրման մեկամյակի առթիվ մարզերի ու Երևանի՝ 16 տարեկանից բարձր պատանիների ու երիտասարդների համար կոնֆերանս կազմակերպել, որի ընթացքում մասնակիցները կլսեն բանախոսություններ, հարցեր կտան ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների, կլսեն նրանց խորհուրդներն ու նոր գիտելիքներով կվերադառան իրենց մարզեր՝ ստեղծելու նոր թիմեր և կյանքի կոչելու նոր գաղափարներ։

«Մենք ցանկանում ենք մարզում՝ այսպիսի կրթական միջավայրում, կառուցել մեր ապագայի նախատիպը ու այդ ապագայի նախատիպով խթան հանդիսանալ մարզերում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մենք ներդրել ենք այն գաղափարը, որ մարզերը զարգանան համաչափ»,- ասում է Մերին։

«Ամեն մարզի երիտասարդները պետք է նվիրվեն իրենց մարզին ու փորձեն ստեղծել այնպիսի բաներ, որոնք զարկ կտան երիտասարդների ակտիվությանը, ու երիտասարդները կսկսեն մնալ մարզերում, ոչ թե տեղափոխվել, օրինակ, Երևան, և զարկ կտան մարզերին, քանի որ մարզերին զարկ տալով՝ զարկ կտանք նաև պետության զարգացմանը»,- ասում է կոնֆերանսի մասնակիցներից մարտակերտցի Մերին։ 


Մերին

«Protolab»-ի գաղափարին միացան հայաստնյան մի շարք ընկերություններ՝ իրենց ներդրումն ունենալով կոնֆերանսի կայացմանը։ «Mamble» ընկերության տնօրեն Սոնա Մամյանն ասում է՝ «Protolab»-ի մասին իմանալուց հետո թիմին հրավիրել են իրենց գրասենյակ, ծանոթացել նրանց հետ։

«Հասկացանք՝ ինչքան պայծառ, ինչքան լավ երիտասարդներ են ու ինչքան լավ գործ են անում, իրենց տարիքի և փորձի համեմատ՝ ինչքան մեծ բեռ են վերցրել իրենց վրա ու պատրաստակամ տանում են առաջ»,- նշում է Սոնան։ 


Սոնա Մամյանը

«Mamble»-ը կոնֆերանսի հովանավորներից մեկն է, իսկ ընկերության տարբեր մասնագետներ կոնֆերանսի ընթացքում հանդես եկան որպես բանախոսներ ու մասնակցեցին պանելային քննարկումներին։

Սոնան նշում է՝ իրենց ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունը կրթությունն է, և իրենք մտահոգ են, որ երիտասարդ մարդիկ ճիշտ սկսեն կարիերան։ «Protolab»-ի հետ էլ ջերմ հարաբերություններ են ձևավորվել, քանի որ նրանք թիրախավորում են երիտասարդներին, որոնք պետք է մասնագիտություն ընտրեն։ 

«Մենք մտածեցինք, որ այս միջոցառման շրջանակներում ու նաև հետագայում նրանց հետ աշխատելով, կապի մեջ լինելով, անընդհատ օգնելով մեր մասնագիտական գիտելիքներով (կլինի պրոդուկտներից օգտվել, խորհրդատվություն կամ հենց ֆինանսական աջակցություն նրանց ծրագրերի ընթացքում)` կկարողանանք մեր սոցիալական պատասխանատվության սկզբնական փուլը փակել»,- ասում է նա։

Մերի Գիշյանը նշում է՝ կոնֆերանսի բանախոսներին ընտրելիս չեն կենտորնացել մեկ-երկու մասնագիտության վրա, հրավիրել են ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների։

Երկրօյա կոնֆերանսի օրակարգը հագեցած էր․ բացի բանախոսություններից ու պանելային քննարկումներից, ինչպես նաև ազգային երգ ու պարից՝ մասնակիցները հնարավորություն ունեցան խարույկի շուրջ զրուցելու միմյանց ու բանախոսների հետ, նրանցից խորհուրդներ հարցնելու, նոր բաներ սովորելու, նաև ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվելու։ Օգոստոսի 20-ի, լույս 21-ի գիշերն անցավ Նոյեմբերյանի «Գուսանահովիտ» կոչող վայրում, որտեղ խարույկի շուրջ զրույցներից, երգ ու պարից հետո կոնֆերանսի մասնակիցները գիշերեցին վրաններում։

Աչաջուրցի Վազգենն ասում է՝ այդ ընթացքում հասցրեց զրուցել կոնֆերանսի գրեթե բոլոր բանախոսների հետ ու նրանցից հարցնել այնպիսի խորհուրդներ, որոնք կնպաստեն իր մասնագիտական աճին։


Վազգենը

«Protolab»-ի անդամները պատմում են, որ իրենց լավ ընկերն էր Սոնա Մնացականյանը, որն անցած տարի այցելել էր թիմին: Նրա այցից հետո «Protolab»-ը պատվեր ստացավ «Zevit» ընկերությունից, որի անդամ էր Սոնան։ «Protolab»-ում շատ էին ոգևորվել այդ պատվերից։

Այս տարի Սոնան զոհվեց ավտովթարից։ «Protolab»-ում որոշեցին, որ կոնֆերանսի ընթացքում պիտի անցկացնեն Սոնայի անվան գաղափարների մրցույթ։

Գաղափարների մրցույթին մասնակցում էր 5 թիմ։ Մարտակերտից Մերիի ու ընկերների թիմը՝ «Bitty»-ն, նպատակ ունի իրենց քաղաքում co-working տարածք ստեղծելու։ Թալինի «Information Technology in Talin» թիմն ուզում է իրենց քաղաքում կոնֆերանս կազմակերպել, որի ընթացքում կստեղծվեն ֆոկուս խմբեր, որոնք էլ կզբաղվեն քաղաքում տեխնոպարկի ստեղծման գաղափարը կյանքի կոչելով։ Օձունի թիմն ուզում է սրճարան բացել, որտեղ կհածատեղվեն ժամանցն ու կրթությունը: Գեղարքունիքի Դրախտիկի թիմը ցանկանում է գյուղում պուրակ կառուցել։ Նոյեմբերյանի «Արմաթի» թիմն էլ ուզում է կայք, հետագայում էլ հավելված ստեղծել, որտեղ քարտեզի վրա կնշվեն Նոյեմբերյանի տարածաշրջանի պատմամշակութային վայրերը, հյուրատները ու ամեն բան զբոսաշրջիկների համար, որոնք կցանկանան այցելել Նոյեմբերյան։

Գաղափարների մրցույթում հաղթեց Օձունի թիմը՝ ստանալով 300 000 դրամ աջակցություն։ Թիմին մրցանակ հանձնեցին կոնֆերանսի հովանավոր «Zevit» ընկերության ներկայացուցիչները։ Իսկ «Protolab»-ը 150 000 դրամ խրախուսական մրցանակ հանձնեց Նոյեմբերյանի «Արմաթի» թիմին։

Կոնֆերանսի մասնակիցներն էլ պատրաստակամություն հայտնեցին մենթորություն անելու մասնակից մյուս թիմերի համար, որ նրանք ևս կարողանան իրենց գաղափարներն իրականություն դարձնել։

«Protolab»-ի անդամներն ասում են՝ կոնֆերանսը չէր կայանա առանց կամավորների։ Շուշանիկը Նոյեմբերյանից է։ Նա նշում է, որ «Prortolab»-ի թիմին օգնում է դեռ անցած տարվանից, երբ ստարտափը նոր էր հիմնադրվում, դե իսկ այս տարվա օգոստոսին որպես կամավոր մասնակցել է կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին։ Շուշանիկն ու մյուս կամավորները ողջ կոնֆերանսի ընթացքում զբաղված էին մասնակիցների գրանցման, տեխնիական ապահովման և այլ աշխատանքներով։ 


Աջից առաջինը՝ Շուշանիկը

«Արժեք ստեղծելու համար ամենալավ տարբերակը մարդկանց հավաքելն է մի տեղ, որպեսզի նրանք թիմեր կառուցեն։ 50 համայնքներից ներկայացուցիչներ ունենք։ Մեր նպատակն է, որ ամեն համայնքում, գոնե դրանց կեսից շատում հավաքվեն երեխաները և թիմեր կառուցեն, ու ծնվեն նոր «Protolab»-եր, նոր երիտկենտրոններ, նոր թիմեր, որոնք իրենց համայնքներում կբերեն փոփոխություն»,- ասում է «Protolab»-ի համահիմնադիր Արգամը։ 

Մերին էլ նշում է, որ «Ապագայի նախատիպը» կոնֆերանսով չեն սահմանափակվելու․ նախատեսում են տարին երկու անգամ Նոյեմբերյանը դարձնել Հայաստանի տեխնոսիրտը և քաղաքում համախմբելով ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների, տարբեր ընկերությունների՝ կազմակերպել միջոցառումներ, համախմբել մարզեցի երիտասարդների, որ նրանք նոր գիտելիքներ ստանան ու նպաստեն իրենց հայրենիքի զարգացմանը։

Կոնֆերանսը եզրափակեց «Protolab»-ի թիմը՝ պատմելով մի տարվա ընթացքում ունեցած հաջողությունների ու դժվարությունների մասին։ 

«Մեկ տարվա ընթացքում, չունենալով փորձ, ունենալով շատ քիչ գիտելիքներ, կարողացել ենք ստանալ մի իրավիճակ, որ ունենք 15-ից ավելի գործընկեր, թիմը մեծացել է մոտ 2 անգամ, աճ ենք ունեցել ֆինանսական առումով, ձեռք ենք բերել գիտելիք, փորձ»,- նշեց Արգամը։

Աննա Սահակյան
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել