Գումարով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագիծն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բերելու է  ներհասարակական ճգնաժամի
 |azatutyun.am|
10:22 - 31 օգոստոսի, 2022

Գումարով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագիծն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, բերելու է ներհասարակական ճգնաժամի |azatutyun.am|

azatutyun.am: 24 միլիոն դրամի դիմաց զինվորական ծառայութունից վաղաճամկետ ազատվելու նախագիծը ոչ միայն տրորում է սոցիալական արդարությունն, այլև ծանր վիճակ է ստեղծելու երկրում, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Սա բերելու է ներհասարակական ճգնաժամի․ ասաց պատգամավորը՝ շեշտելով՝ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը, հակակոռուպցիոն գործողությունների իր անզորությունը, կամ կամքի բացակայությունը փորձում է փոխարինել այս նախագծով։

- Պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել գումարի դիմաց զինվորական ծառայությունը։ Սկզբունքորեն դե՞մ եք՝ հաշվի առնելով, որ փողը գնալու է պայմանագրայիններին։

-Առաջինը դա սոցիալական արդարության խնդիրն է, որը ոչ միայն տրորվում է այս նախագծով, այլ շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծելու երկրում։ Ես նույնիսկ կարծում եմ, որ սա բերելու է ներհասարակական ճգնաժամի, որովհետև ստացվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պայմանական, 70-80 տոկոսը տեսականորեն հնարավորություն չեն ունենալու վճարելու՝ իրենց սոցիալական պայմաններից ելնելով և իրենց որդիներին այդ ձևով ազատելու ծառայությունից, կամ նրանց համար ապահովելու 4,5 ամսվա ծառայություն, Հայաստանում լինելու են քաղաքացիներ, որոնք ապրում են իրար հարևանությամբ, միգուցե նույն համայնքում, շենքում, ովքեր ունեն այդ հնարավարությունները, և փաստացի իրենց որդիներին ազատելու են 19,5 ամսվա ծառայությունից։

- Ինչ նկարագրեցիք, հիմա էլ կա, պարոն Աբրահամյան, ուղղակի տակից են անում՝ թաքուն։

-Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը, կամ հակակոռուպցիոն գործողությունների իր անզորությունը, կամ կամքի բացակայությունը փորձում է փոխարինել այս նախագծով։ Այսինքն՝ եթե, օրինակ, տարբեր ընկերություններ հարկեր չեն վճարում, եթե տարբեր մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում, այսինքն՝ ոչ թե մենք պետք է նրանց պարտադրենք բերենք օրինական դաշտ, այլ նրանց համար այդ ամենը օրինականացնելու դաշտ ստեղծե՞նք, և ստացվի այնպես, որ մարդիկ ստիպված լինեն գնալու ծառայության, որովհետև նրանք չունեն հնարավորություն, կամ սոցիալական վատ պայմաններում են, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն միջին և միջինից բարձր հնարավորություն, որովհետև, փաստացի, միջին հնարավորություն ունեցող մարդկանց համար դա արդեն հնարավորություն է։

 - Առնվազն վարկ կարող է վերցնել։

-Սա գաղափարական մտածելակերպի ճգնաժամի խնդիր է։ Կրթական շղթայով սկսած՝ հանրակրթական դպրոցներից բուհեր, հաշվի առնելով սահմանադրական պահանջը մեր քաղաքացիներին հայրենիքի պաշտպանության մասով, սա ենթադրում է գաղափարական, քարոզչական և, ըստ էության, մտածելակերպային լուրջ ճանապարհ։ Այս ընթացում մենք միանգամից հարվածում ենք այս ողջ համակարգին՝ սրա ողնաշարին, որովհետև երբ որ ի սկզբանե կա հնարավորություն փողով ազատվելու՝ օրինական ձևով ազատվելու, բնականաբար, այդ գաղափարախոսությունն այլևս կենսունակ չէ։

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։ Սա, ըստ Պաշտպանության նախարարության, արհեստավարժ զինվորական ծառայություն ներդնելու կարևորագույն բաղադրիչ է:

Աբրահամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել