«Մենք քիչ ենք տոնում գիտությունը»․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Starmus VI փառատոնը
19:40 - 05 սեպտեմբերի, 2022

«Մենք քիչ ենք տոնում գիտությունը»․ Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց Starmus VI փառատոնը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց գիտության և արվեստի Starmus VI փառատոնը, որի պաշտոնական բացումն ազդարարվեց մամուլի ասուլիսով։ Ասուլիսի բանախոսները հայտնի գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին, որոնք խոսեցին փառատոնի կարևորության ու իրենց ակնկալիքների մասին։

Astronomy ամսագրի խմբագիր Դեյվիդ Ջ․ Այքերը բացման խոսքում ասաց, որ իրենց համար հուզիչ է այստեղ լինելը, քանի որ փառատոնը բացառիկ գիտական իրադարձություն է․ «Կարելի է ասել, որ  սա հոբելյանական ոսկե տարի է, և մենք լիահույս ենք, որ դուք նույն հուզմունքը կապրեք գիտնականների դասախոսություններից և միջոցառումներից, որոնք կանցկացվեն փառատոնի ընթացքում։ 

Նա ընդգծեց, որ տարբեր մասնագիտացված դասախոսություններ կլինեն, ինչպես նաև մարդիկ հնարավորություն կունենան աստղադիտարանից նայել տիեզերքին։ 


Դեյվիդ Ջ․ Այքերը

Կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին էլ  ասաց՝ գիտությունը, արվեստը և երաժշտությունը կապված են իրար հետ․ «Դրանք մեր էմոցիոնալ արձագանքի, աշխարհում ու տիեզերքում ապրած փորձի մասին են, որը շատ ոգեշնչող է։ Գիտությունը այն պրոցեսն է, որի միջոցով մենք էմոցիոնալ մակարդակում չենք նայում աշխարհին, այլ փորձում ենք հասկանալ տիեզերքի իրական էությունը»։

Ռեփլին ընդգծեց կլիմայական գիտության կարևորությունն աշխարհի համար․ «Ես այս շաբաթվա դասախոսություններում կխոսեմ կլիմայական համակարգը հասկանալու գործում բնագիտության դերի մասին։ Տասնամյակներ շարունակ մենք հասկացել ենք խնդիրը։ Ես աշխատել եմ նեյրոգիտնականների, մարքեթոլոգների, սոցիալական գիտնականների հետ, որպեսզի կոտրեմ բնական գիտությունների ու սոցիալական գիտությունների միջև առկա պատնեշը, և որպեսզի մարդկանց տանք այն մեսիջը, որ անհրաժեշտ է գործել»։


Քրիս Ռեփլին

Նոբելյան մրցանակիր, աստղաֆիզիկոս Միշել Մեյըրը, որ 51 Pegas b էկզոմոլորակի  հայտնաբերողներից մեկն է, ընդգծեց՝ փառատոնը  բացառիկ հնարավորություն է մարդկանց հետ խոսելու և բացատրելու, թե ինչպես են տիեզերքն ու մարմինը փոխկապակցված։ «Մենք հիմա ապրում ենք շատ կարևոր ժամանակում։ Վերջին դարաշրջանում աստղաֆիզիկայում լուրջ հաջողություններ են գրանցվել։ Պատճառներից մեկը, որ այսօր այստեղ եմ, այն է, որ ես 20-30 տարի աշխատում եմ Գարիկ Իսրայելյանի հետ և էկզոպլանետներ ենք ուսումնասիրում։ Դեռևս հույն փիլիսոփաները քննարկում էին տիեզերքի բազամազանությունը։ Այսօր մենք ապրում ենք շատ բացառիկ ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս պատասխանել վաղուց հնչող հարցերին։  Ես շատ ուրախ եմ, որ Starmus-ը Հայաստանում  օգնում է բացատրել մարդկանց, թե ինչ է կատարվում գիտության տարբեր ճյուղերում»։

Մայորն ասաց՝ 4 տարի առաջ Նորվեգիայում Starmus-ին մասնակցելով տարբեր գիտնականներից շատ բան է իմացել, և հիմա ուրախ է, որ հանրության հետ հնարավորություն ունի կիսել փորձը։ Starmus-ը, ըստ նրա, լավ հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե ինչ է կատարվում գիտության ոլորտում։


Միշել Մեյըրը

Նոբելյան մրցանակիր, մանրէաբան, կենսաքիմիկոս Էմանուել Չարպենտիեն էլ ասաց՝ շատ հաճելի է գտնվել Հայաստանում ու ընդգծեց, որ հայկական արմատներ ունի․ «Ինձ համար կարևոր է փառատոնի նպատակը և նշանակությունը։ Այն միավորում է երաժշտությունը և գիտությունը։ Երբ  երիտասարդ էի, զբաղվում էի դասական երաժշտությամբ, դաշնակահար էի և բալետի պարուհի։ Այդ պատճառով ես կապ եմ տեսնում գիտության և արվեստի մեջ։ Պատճառներից մեկն էլ, որ այստեղ եմ, այն է, որ մենք քիչ ենք տոնում գիտությունը և այստեղ երաժշտության հետ միավորելը շատ կարևոր է, հետաքրքիր է նաև գիտության համար»։


Էմանուել Չարպենտիեն

Չարպենտիեն կարևորեց նաև, որ տարբեր ոլորտների գիտնականների հնարավորություն կունենան միավորվել մեկ հարթակում և գնահատել միմյանց աշխատանքը։ «Մենք հնարավորություն ենք ունենում մեր ներկայությամբ ցույց տալ մեր աշխատանքը, երիտասարդ գիտնականներին նույնպես ներգրավել գիտության ոլորտում»։



Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել