Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ
21:34 - 05 սեպտեմբերի, 2022

Երաժիշտը, բանաստեղծն ու մարդաբանը՝ գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հաղթողներ

Այսօր՝ Գիտության և արվեստի Starmus VI փառատոնի շրջանակում անցկացվեց SONIC UNIVERSE համերգային ծրագիրը, որի ընթացքում էլ Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալին արժանացան Queen խմբի կիթառահար, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, բանաստեղծ, էսսեիստ, նատուրալիստ Դայըն Աքերմանը, պրիմատոլոգ և մարդաբան Դեյմ Ջեյն Մորրիս Գուդալը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին փառատոնի կազմակերպիչներին մրցանակի համար։

Սթիվեն Հոքինգի անվան մրցանակի հաղթող դարձան նաև NASA-ի հեռուստատեսությունը, NASA-ի հաղորդակցության բաժինը։

Միջազգային այս փառատոնի ընթացքում Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվում երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար։ Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որի հեղինակն է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:

Սթարմուս փառատոնի շրջանակում այս մրցանաբաշխությունը կազմակերպվում է 2016 թ․-ից՝ երրորդ Սթարմուս փառատոնից սկսած։ Առաջին անգամ այն ստացել են գերմանացի կոմպոզիտոր Հանս Զիմմերը, ֆիզիկոս Ջիմ Ալ Խալիլին, և ամերիկյան փաստագրական ֆիլմը՝ «Մասնիկների ջերմություն» անունով։

2017 թ․-ին՝ 4-րդ Սթարմուս փառատոնին այս մեդալը ստացել են ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Միշելը Ժարրեն, աստղաֆիզիկոս Նեյլ Դեգրաս Թիսոնը, ինչպես նաև «Մեծ պայթյունի տեսություն» անունով ֆիլմը։2019 թ․-ին 5-րդ Սթարմուս փառատոնին մրցանակ  է ստացել երաժիշտ, կոմպոզիտոր Բրայան Էնոն, միլիարդատեր, Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը, տիեզերագնաց Բուզ Ալդրինը, «Apolo 11»  փաստավավերագրական ֆիլմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել