ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արամ Պապոյանը
17:59 - 06 սեպտեմբերի, 2022

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արամ Պապոյանը

ՀՀ ԳԱԱ նախագահության՝ սեպտեմբերի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից։

Արամ Պապոյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ծրագրային առաջնայնությունները: Նա նշել է, որ իրականացնելու է ինստիտուտի գիտական ուղղությունների վերագնահատում՝ հաշվի առնելով գիտաչափական տվյալները, միջազգային գիտության արդի միտումները, ինչպես նաև՝ ՀՀ տնտեսական զարգացման ու երկրի պաշտպանունակության առաջնայնությունները: Ինստիտուտի գիտական ստորաբաժանումները նոր կառուցվածք են ունենալու՝ միտված գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր թեմաների յուրացման ճկունությանը, ներքին համագործակցության, կադրային ու ենթակառուցվածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Քայլեր են ձեռնարկվելու ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացման համար:

«Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝ ուղղված ԲՈՒՀ-երի շրջանավարտների, այլ ոլորտներում աշխատանքի անցած և արտերկրում աշխատող երիտասարդների՝ ինստիտուտի աշխատանքներում ներգրավմանը»,- ասել է Արամ Պապոյանը: Նա կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնիկական մշակումների խթանումը, համագործակցությունը ՀՀ այլ գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի հետ:

Արամ Պապոյանը ծնվել է 1959 թվականին Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Գիտական ուղին անցել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ինժեներ-ստաժորից մինչև ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում նա ընտրվել է 2006 թվականին: Նրա գիտական հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և սպեկտրասկոպիային, քվանտային և ոչ գծային օպտիկային, օպտիկական պատկերագրմանը: Արամ Պապոյանը 190 աշխատության հեղինակ է, այդ թվում՝ 4 գլուխ գրքերում, 85 հոդված գրախոսվող ամսագրերում, 28 հոդված գիտաժողովների ժողովածուներում, 73 գիտաժողովների թեզիսներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել