ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի երևանյան նիստում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել. Վահե Ղազարյան
17:24 - 09 սեպտեմբերի, 2022

ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի երևանյան նիստում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել. Վահե Ղազարյան

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ Կուլ) քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցել է որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահ։

Խորհրդի նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել Ղրղզական Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովն ու անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով իր նախագահության օրոք կատարված աշխատանքը։

Վահե Ղազարյանը խոսել է ինչպես ԱՊՀ պետությունների իրավապահ կառույցների միջև, այնպես էլ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի շրջանակներում սերտ ու արդյունավետ համագործակցության մասին։ Նա նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի երևանյան նիստի ընթացքում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել, մատնանշել է նաև այդ ընթացքում ԱՊՀ երկրներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումներ։

Վահե Ղազարյանը հանդես է եկել նաև առաջարկով՝ հարթակ ստեղծելու ԱՊՀ երկրների իրավապահ կառույցների քրեական ոստիկանությունների միջև՝ առավել օպերատիվ կապ ապահովելու և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարներին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ Վահե Ղազարյանը ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Ղրղզական Հանրապետության ՆԳ նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովին։ Շնորհավորելով նրան՝ Վահե Ղազարյանը մաղթել է այդ պաշտոնում արդյունավետ աշխատանք և հաջողություններ։

Նիստի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման առաջնահերթ հարցերը, հանցագործության դեմ պայքարի 2024-2028 թվականների միջպետական միջոցառումների համատեղ ծրագրի նախագիծը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների բացահայտման գործում փոխգործակցության, հետախուզման մեջ գտնվող անձանց նույնականացման տեսավերլուծական համակարգերի օգտագործման և օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող այլ հարցեր։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն իր հաջորդ ելույթում անդրադարձել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության առաջնային հարցերին։ Նա ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաև ԱՊՀ ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, այդ թվում նաև՝ համացանցով առուվաճառքի հանցատեսակների տարածման և դրանց հակազդելու համատեղ միջոցառումներին։ Նա պատրաստակամություն է հայտնել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու ԱՊՀ երկրների իրավապահ բոլոր կառույցների հետ, հատկապես կիբերհանցավորությանն ու թմրամիջոցների անօրինական շրջանառությանը միահամուռ ուժերով հակազդելու նպատակով անցկացնել նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ։

Օրակարգի բոլոր հարցերով ելույթ են ունեցել նաև ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները։ Ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Ղրղզստան կատարած այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա 2023 թվականին՝ Ղազախստանում։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել